Ռեցիդիվիստը, որն իր պատիժն է կրում Օրենբուրգի մարզի գաղութներից մեկում, քաղաքացիներից եւ կազմակերպություններից դրամական միջոցներ է կորզել` պիցցայի եւ սուշիի առաքում պատվիրելով դատախազների եւ ոստիկանների անունով, հայտնում է Lenta-ն` վկայակոչելով շրջանային դատախազությանը:

Ինտերֆաքսը հայտնում է, որ Սերգեյ Պրոցենկոն բազմիցս դատված է եղել, վերջին ժամկետը ստացել է ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար: 2014 թվականի նոյեմբերից մինչեւ  2015-ի փետրվարը բանտարկվածն իր մոտ գտնվող բջջային հեռախոսից զանգել է տարբեր սրճարաններ եւ սնունդ է պատվիրել: 

Նա ներկայացել է որպես իրավապահ կառույցների կամ պետական կազմակերպությունների ներկայացուցիչ, դատախազ,   ոստիկանության պետի տեղակալ, քաղաքի վարչակազմի ղեկավար: Հասցեն, որով նա խնդրել է հասցնել առաքումը, չի ճշտվում:   

Երբ առաքիչը դուրս էր գալիս առաքման, տղամարդը եւս մեկ անգամ էր զանգում եւ խնդրում էր ճանապարհին եւս մի ծառայություն մատուցել իրեն. լցնել հեռախոսի քարտը: Խոստանում էր փողը վճարել պատվերի համար վճարելիս: Վերոհիշյալ հասցեով նրան սնունդ հասցնող մարդն ի վերջո ոչ վճարում էր ստանում, ոչ էլ փոխհատուցում ծախսված անձնական միջոցների համար: 

Պրոցենկոյի հասցրած վնասի ընդհանուր գումարը   80 հազար ռուբլի է կազմում: Նա մեղավոր է ճանաչվել ՌԴ ՔՕ-ի 159-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով   («Խարդախություն, այդ թվում` քաղաքացուն զգալի նյութական վնաս հասցնելով»): Դատարանը ռեցիդիվիստին հինգ տարվա եւ չորս ամսվա ազատազրկման է դատապարտել: