Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կրկին 2 ամսով երկարաձգել է շորթման մեջ մեղադրվող, Analitik.am լրատվական կայքի գլխավոր տնօրեն Անի Հովհաննիսյանի կալանքի ժամկետը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, NEWS.am-ը տեղեկացավ Անի Հովհաննիսյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանից:

«Ապօրինի են երկարացրել պաշտպանյալիս կալանքի ժամկետը, հիմքում միայն դրել են այն հանգամանքը, որ իբր ազատության մեջ լինելով՝ կարող է հրապարակումներ կատարել»,-ասաց նա՝ նշելով, որ Անի Հովհաննիսյանն առողջության հետ կապված խնդիրներ չունի, միայն ընկճված է կատարվող անարդարությունից:

Փաստաբանը հայտնեց, որ բողոքարկելու են դատարանի կայացրած որոշումը:

Հիշեցնենք, որ Անի Հովհաննիսյանը մեղադրվում է պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու մեջ: Ըստ ոստիկանության՝ Ուրիխանյանը հաղորդում է տվել, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաեւ իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ եւ վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում, անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու եւ հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազար դրամ:

Այնուհետեւ, կայքի տնօրենի ներկայացրած պահանջի կապակցությամբ պատգամավորի անունից բանակցություններ է վարել նրա ներկայացուցիչը: Բանակցությունների ընթացքում նրանց միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պահանջվող 300.000-ական դրամը, նախապես պայմանավորված որեւէ վայրում, մինչեւ յուրաքանչյուր ամսվա 5-ը պետք է վճարվի կամ կայքի տնօրենին, կամ նրա օգնականին:

Նախաքննությունը շարունակվում է: