Ռուսաստանը սպասում է ռուսական «Սու 24»-ի օդաչուի մահվան հանգամանքների հետաքննության արդյունքներին ու տեսնում է հարաբերությունները վերականգնելու՝ Անկարայի անկեղծ ձգտումը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը G20 գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Թուրքիայում, ինչպես գիտեք, կալանավորվել է այն օդաչուն, որը հարված էր հասցրել մեր օդանավին, կալանավորվել է նաեւ այն մարդը, որը գտնվելով Սիրիայի տարածքում՝ կրակել է մեր օդաչուների վրա, որոնք կատապուլտի միջոցով վայրէջք էին կատարել: Հիմա մենք լսում ենք, որ այդ միջադեպը առհասարակ տեղի է ունեցել առանց թուրքական ղեկավարության որեւէ թույլատվության՝ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները բարդացնելու նպատակով, ու դա արել են այն մարդիկ, որոնք ավելի ուշ փորձել են պետական հեղաշրջում իրականացնել: Մենք դա չգիտենք, մենք սպասում ենք հետաքննությանը, որը թուրքական իշխանություններն են անցկացնում»,.- ասել է Պուտինը:
«Համենայն դեպս, մենք տեսնում ենք ռուս- թուրքական կապերը վերականգնելու՝ Թուրքիայի ղեկավարության ձգտումը»,- հավելել է նա:
Պուտինը նաեւ նշել է, որ թե Թուրքիայում, թե Ռուսաստանում մարդիկ ողջունում են կապերի վերականգնումը:



























