«Անելիք բանկի» իրավաբան 32-ամյա Հովհաննես Աթայանի սպանության գործով դատական նիստն այսօր՝ սեպտեմբերի 5-ին, հերթական անգամ հետաձգվեց. այս անգամ փաստաբանի բացակայության պատճառով:
Այս գործով արդեն երրորդ անգամ է դատական նիստը հետաձգվում է, իսկ օգոստոսի 22-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել։ Այսօր դատարան եկած ամբաստանյալ Մկրտիչ Պողոսյանի կինը՝ տիկին Կարինեն, պատմեց, որ սպանված Հովհաննես Աթայանի աներորդի Հայկ Պետրոսյանը, որը նաեւ դատախազ է, նախորդ դատական նիստի ժամանակ հարձակվել էր ամբաստանյալ Մկրտիչ Պողոսյանի վրա եւ նրան մարմնական վնասվածքներ պատճառել:
Նշենք, որ գործը քննում է դատավոր Արմեն Բեկթաշյանը։
Գործով մեղադրյալ Մկրտիչ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ (Սպանությունը):
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Վարդանանց փողոցում 2015թ. նոյեմբերի 24-ին, ժամը 20:30-ի սահմանում, կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով տեղում մահացել է «Անելիք բանկի» իրավաբան Հովհաննես Աթանյանը, պարզվել էր, որ սպանության մեջ կասկածվում է Մկրտիչ Պողոսյանը, որը նոյեմբերի 25-ին հայտնաբերվել եւ կալանավորվել էր:
Հիշեցնենք, որ NEWS.am-ի հետ զրույցում ավելի վաղ սպանված Հովհաննեսի աները՝ Սամվել Գրիգորյանը, պատմել էր, որ
մի քանի տարի առաջ Մկրտիչ Պողոսյանը ֆինանսական խնդիրների պատճառով գրավադրել է իրեն պատկանող հյուրանոցը, իսկ երբ չի կարողացել մարել պարտքը, «Անելիք» բանկը, որի իրավաբանն էր Հովհաննես Աթանյանը, վաճառքի է հանել հյուրանոցը:




























