Շիրակի մարզի Արթիկ համայնքում քաղաքապետի ընտրությունները ուշագրավ զարգացումներ են ստանում։ Ավելի վաղ գրել էինք, որ այստեղ առաջադրվել է երեք թեկնածու։ ՀՀԿ–ն առաջադրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մուշեղ Պետոյանի թեկնածությունը։ ՀՀԿ–ական նախկին պատգամավոր, Արթիկի նախկին քաղաքապետի եղբայր Մխիթար Վարագյանը ինքնառաջադրվել է։ Մյուս թեկնածուն Արթիկի գործող քաղաքապետի օգնական Արայիկ Թանայանն է։ Հիմնական մրցակցությունն ընթանալու է Պետոյանի եւ Վարագյանի միջեւ։ Վերջինս պնդում է, որ ինքը վայելում է բոլոր կուսակցությունների աջակցությունը, այդ թվում՝ հայրենի ՀՀԿ–ի, մինչդեռ ՀՀԿ–ն պաշտոնապես հայտարարել է, որ իր թեկնածուն Պետոյանն է։ Ավելին՝ մեզ հետ զրույցում ՀՀԿ Արթիկի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Շահբազյանը հիմնավորել էր, թե երբ կուսակցության խորհուրդը որոշել է պաշտպանել Մուշեղ Պետոյանի թեկնածությունը, այդ ժամանակ չի իմացել կուսակցության անդամ Մխիթար Վարագյանի առաջադրվելու ցանկության մասին։ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ Վարագյանը առաջարկել է լինել ԲՀԿ–ի թեկնածուն, ինչի վերաբերյալ կուսակցությունում քննարկումներ եղել են, Վարագյանը պնդեց, որ իրեն են առաջարկել սատարել, ոչ թե ինքն է խնդրել ԲՀԿ–ի աջակցությունը։
Ամեն դեպքում, Աշոտ Շահբազյանը շեշտեց, որ իրենց թեկնածուն Պետոյանն է, ինչին ոչ միկերպ չի հավատում Վարագյանը, որը NEWS.am-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ նման որոշումից տեղյակ չէ, իրեն պաշտպանելու է ՀՀԿ–ն. «Ես չեմ լսել, որ ՀՀԿ–ն ինչ որ մեկին է պաշտպանում, բոլորն էլ ինձ են պաշտպանում, ինչ կուսակցություն գիտեք, բոլորն էլ ինձ են սատարում, հատկապես ժողովուրդն է ինձ սատարում։ Սկզբում չեն իմացել, որ ես առաջադրվում եմ, հիմա որ իմացել են, միանշանակ, ինձ են սատարելու»։
Հարցին, թե ո՞վ է իրեն խոստացել, որ սատարելու են, քանի որ ՀՀԿ–ն Կենտրոնական ընտրական հանձնաժողովում արձնագրել է, որ իր թեկնածուն ԲՀԿ խմբակցության պատգամավորն է, պատասխանեց. «Անուններով ասե՞մ, Արթիկի տարածաշրջանի խորհուրդը եւ բոլորը... հիմի կարող է սխալմունք է եղել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, «Հանրապետականը», միանշանակ ինձ է սատարելու եւ բոլոր կուսակցությունները ու նաեւ ՀԿ–ները, Արթիկի բնակչությունը»։
Հիշեցնենք, որ Պետոյաններն ու Վարագյանները Արթիկում ընտրապայքարի մեջ են դեռեւս նախորդ խորհրդարանական եւ համայնքային ընտրություններից։ Եթե նախկինում նրանք միմյանց դեմ անողոք պայքար էին մցում որպես իշխանական ՀՀԿ–ի եւ ոչ իշխանական ԲՀԿ–ի թեկնածուներ, ապա հոկտեմբերի 2–ին երկուսն էլ ընտրողին ներկայանալու են որպես իշխանության թեկնածուներ։





























