«Սասնա ծռեր» խմբի անդամ, «Միայնակ գայլ» մականունով հայտնի Արայիկ Խանդոյանն այսօր՝ սեպտեմբերի 5-ին «Նուբարաշեն ՔԿՀ»-ից հայտարարություն է տարածել՝ դիմելով իր հայրենի Ծաղկահովիտ գյուղի բնակիչներին։

«Իմ շատ սիրելի Ծաղկահովիտցիներ

Իմ շատ սիրելի Հայ Ժողովուրդ,

Ինչպես գիտեք մարտավարական նկատառումներով իմ թեկնածությունն եմ դրել հայրենի Ծաղկահովիտ համայնքում ընտրություններին մասնակցելու համար: Վարչախմբի կամակատարները շատ ոգեւորված նշեցին` տեսեք ընտրությունները միակ միջոցն է… :

Սակայն նույն վարչախումբն ինձ արգելեց հանդիպումներ ունենալ իմ վստահված անձանց հետ եւ, իր գործելաոճին հավատարիմ, ոտնահարեց օրենքի պահանջը: Եվ հերթական անգամ ապացուցեց, որ ինքը ի զորու չէ ազատ, արդար եւ ժողովրդավար ընտրություններ կազմակերպելու:

Սիրելի’ Ծաղկահովիտցիներ,

Ես ավելի քան վստահ եմ, որ Դուք, հաղթահարելով բոլոր ճնշումներն ու ապօրինությունները, առավել եւս այս պայմաններում կկատարեք Հայրենիքի համար արդար եւ ճիշտ ընտրություն` հանուն մեր Հայրենիքի բարօրության:

Հավաստիացնում եմ` Սասնա ծռերից յուրաքանչյուրս հավատարիմ ենք մեր ուխտին` տապալել բռնապետությունը եւ Հայաստանում հաստատել ժողովրդի իրական իշխանություն», -ասված է նամակում: