5 տարի առաջ մեքենայի միջին գնորդը Հայաստանում պատրաստ էր մինչև 10 հազար դոլար վճարել,հիմա՝ 5, առավելագույնը 7 հազար: Այս մասին NEWS.am -ի թղթակցին ասել է BMW, Mini եւ Rolls Royce ընկերությունների ՀՀ-ում պաշտոնական ներկայացուցիչ՝ «Եվրոմոթորս» ՓԲԸ –ի կոմերցիոն տնօրեն Սամվել Ավետիսյանը:
Նախ, նվազել է բնակչության գնողունակությունը Ռուսաստանում սկսված բարդությունների պատճառով (դոլարային արտահայտությամբ կրճատվել են տրանսֆերտներն աշխատանքային միգրանտներից, իսկ հայ ձեռներեցների գործերն էլ վատացել են): Երկրորդ՝ սկսել են զանգվածաբար Հայաստան ներմուծել էժանագին մեքենաներ,առաջվանից էլ շատ ծավալներով:


«Դրանք ներկրում են մեր տարածաշրջան, ու այստեղ դրանք գրոշներով գնում են, միայն թե մեքենա գնեն: Տեսնում են, որ խլացուցիչում կատալիզատորը թանկ է՝ այն չեն էլ փոխում: Երբ փչանում է, պարզապես կտրում են ու դեն նետում: Գլխավորը մեքենան հնարավորինս էժան լինի: Իհարկե դրա պատճառն այն է ,որ մարդանց մոտ ազատ գումարները քչացել են: Բայց այդպես մենք հայտնվում են երրորդ երկրների շարքում, դառնում հերթական գերեզմանոցը ավտոմեքենաների ջարդոնի համար: Իսկ մեր օրենսդրությունն այնքան էլ խիստ չէ,դրան խանգարելու համար»- հավելեց Ավետիսյանը: