Հրազդանում նախօրեին դանակահարված 38-ամյա Վանիկ Սարգսյանը, որը ծնողների աչքի առջեւ մահացու վրաերթի էր ենթարկել 7-ամյա տղային, կայուն ծանր վիճակում է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հրազդանի բժշկական կենտրոնից:
Վանիկ Սարգսյանը, որ բժշկական կենտրոն էր ընդունվել երեկ երեկոյան, վիրահատվել է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 5-ի երեկոյան որ 38-ամյա Վանիկին դանակահարել են Հրազդանի մանկապարտեզներից մեկի բակում: Մեր տեղեկություններով՝ վարորդին դանակահարողը մահացած տղայի հայրն է: Նրանց միջեւ, նախնական տվյալներով, վիճաբանություն է եղել ու այն ավարտվել է դանակահարությամբ:
Հիշեցնենք, որ Վանիկ Սարգսյանը կալանավորվել էր, ապա գրավի դիմաց ազատ արձակվել:
Վրաերթը տեղի էր ունեցել հուլիսի 4-ին՝ ժամը 20:00-ի սահմանում: Հրազդանի բնակիչ, 1978թ. ծնված Վանիկ Սարգսյանի վարած «Վազ 2104» մակնիշի ավտոմեքենան քաղաքում դուրս էր եկել երթեւեկելի մասից եւ մայթին վրաերթի ենթարկել հետիոտն, 7-ամյա Արմեն Խամփերյանին, որը տեղում մահացել էր: Հարուցվել էր քրգործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գործի դատաքննությունը դեռ չի սկսվել:
Ստուգվել է վարորդի սթափության աստիճանը, որը եղել է 0,65 մլ/գ:
Նշենք, որ վրաերթի պահը ֆիքսել է այդ վայրում գտնվող տեսախցիկը: Երեխաները քայլելիս են եղել մայթով, երբ «ՎԱԶ 21404»-ը մեծ արագությամբ բարձրացել է մայթ ու վրաերթի ենթարկել տղային: Մյուս երեխաները հրաշքով են ողջ մնացել: Այդ պահին երեխաների ծնողները նրանց հետ են եղել:





























