Հրազդանում ծնողների աչքի առջեւ 7-ամյա տղային մահացու վրաերթի ենթարկած վարորդին դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է տղայի հայրը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Ըստ ՔԿ տարածած հաղորդագրության՝ նախնական քննության տվյալներով՝ 2016 թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմանում, Հրազդանի Միկրոշրջան թաղամասի 121 շենքի հարեւանությամբ գտնվող էլեկտրաէներգիայի բախշիչ ենթակայանի մոտ, Գ. Խամփերյանը վիճաբանել է Վանիկ Սարգսյանի հետ` իր որդուն մահացու վրաերթի ենթարկելու հարցի շուրջ։ Վիճաբանության ընթացքում դանակով հարվածներ են հասցվել Վանիկ Սարգսյանին` պատճառելով ձախ այտի եւ պարանոցի ձախ կեսի կտրած-ծակած երկու վերք, կրծքավանդակի աջ եւ ձախ կեսի կտրած-ծակած, թափանցող 2 վերք: Վանիկ Սարգսյանը տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն եւ ենթարկվել վիրահատության:
Հարուցվել է քրեական գործ՝ Վանիկ Սարգսյանին սպանելու փորձ կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Գ. Խամփերյանը ձերբակալվել է։
Նշանակվել են փորձաքննություններ։
Նշենք, որ Վանիկ Սարգսյանի վիճակը ծանր կայուն է:
Վանիկ Սարգսյանը կալանավորվել էր, ապա գրավի դիմաց ազատ արձակվել:
Վրաերթը տեղի էր ունեցել հուլիսի 4-ին՝ ժամը 20:00-ի սահմանում: Հրազդանի բնակիչ, 1978թ. ծնված Վանիկ Սարգսյանի վարած «Վազ 2104» մակնիշի ավտոմեքենան քաղաքում դուրս էր եկել երթեւեկելի մասից եւ մայթին վրաերթի ենթարկել հետիոտն, 7-ամյա Արմեն Խամփերյանին, որը տեղում մահացել էր: Հարուցվել էր քրգործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գործի դատաքննությունը դեռ չի սկսվել: Վարորդը եղել է ոչ սթափ վիճակում:
Վրաերթի պահը ֆիքսել է այդ վայրում գտնվող տեսախցիկը: Երեխաները քայլելիս են եղել մայթով, երբ «ՎԱԶ 21404»-ը մեծ արագությամբ բարձրացել է մայթ ու վրաերթի ենթարկել տղային: Մյուս երեխաները հրաշքով են ողջ մնացել: Այդ պահին երեխաների ծնողները նրանց հետ են եղել:


























