Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի մուտքը ՌԴ արգելելու առնչությամբ պարզաբանումներ ստանալու համար Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դիմել է Ռուսաստանի ԱԳՆ-ին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Ցանկացած երկրի իրավունքն է առանց որեւէ բացատրության արգելելու քաղաքացու մուտքն իր երկիր: Բայց այս դեպքն արտառոց է, առաջին անգամ է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում այդպիսի քայլ է կիրառվել, նախադեպ է»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ Ստեփան Գրիգորյանն ասել էր, որ օգոստոսի 30-ին իրեն թույլ չէին տվել մուտք գործել Ռուսաստան եւ ըստ տրված տեղեկագրի՝ այդ արգելքը հիմնավորվել է դեպի ՌԴ ելքն ու մուտքը կարգավորող օրենքով:




























