ԼՂ հարցով առաջընթաց չի արձանագրվում մի շատ պարզ պատճառով. կողմերից Ադրբեջանը նույնիսկ սեղանի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններն է կոպտորեն խախտում։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը ՝ անդրադառնալով Մոսկվայում սեպտեմբերի 8-ին նախատեսված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը:
«Քսան տարուց ավելի է մենք այս գործընթացի մեջ ենք: Պարբերաբար լինում են հանդիպումներ, բայց բոլորդ գիտեք, որ Ադրբեջանը խախտում է նույնիսկ այն պայմանավորվածությունները, որոնք սեղանի շուրջ են ձեռք բերվել: Ասվածի վառ վկայությունը Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումներն են, որոնց ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել` պահպանել կայունություն շփման գծում, սակայն, իրական դաշտում, Ադրբեջանն, ըստ էության, խախտում է պայմանավորվածությունները»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, թե հենց այս հարցի շուրջ էլ հերթական անգամ քննարկում կունենան:
Նրա խոսքով, առաջընթացի ակնկալիք կարող է լինել միայն այն դեպքում, երբ Ադրբեջանի փոխի իր ապակառուցողական մոտեցումը:
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում, որ այս պահին բուն կարգավորման շուրջ բանակցություններ չկան, Քոչարյանը պատասխանել է. «Ինչ է նշանակում չկա բանակցություն, նայած ինչի շուրջ: Հիմա շատ հստակ բանակցություններն ընթանում են այն հարցի շուրջ, որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումների պայմանավորվածությունները կյանքի կոչվեն: Այդ տրամաբանությունը շատ հասկանալի է. քանի դեռ կրակում են, քանի սադրում են, անհնարին է արդեն կարգավորման շուրջ բանակցային գործընթացում արձանագրել առաջընթաց»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օգոստոսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում ԼՂ հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խորհրդակցություններ կանցկացնեն:


























