Ժամանակակից կենտրոնի ստեղծումը կարեւոր նշանակություն ունի ուռուցքային հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման եւ բուժման համար: Այս մասին, այսօր՝  սեպտեմբերի 6-ին, Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոն այցելության ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նշենք, որ Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ներդրումային ծրագիրն ունի երեք փուլ՝ Ռադիոիզոտոպների արտադրության եւ մոլեկուլյար ախտորոշման, Ճառագայթային բուժման եւ Քիմիաթերապիայի ու վիրաբուժական կենտրոնների ստեղծում: Ծրագիրն իրականացնում է միջուկային բժշկության եւ ախտորոշիչ պատկերման ծառայությունների բնագավառում համաշխարհային առաջատար ընկերություններից մեկը՝ «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» ընկերությունը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ շրջայցի ընթացքում վարչապետին են ներկայացվել առաջին փուլի` Ռադիոիզոտոպների արտադրության եւ մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի կառուցման աշխատանքների ընթացքը եւ արդյունքները: Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ գործընթացն ավարտական փուլում է. իրականացվում են ժամանակակից ախտորոշիչ սարքավորումներով կենտրոնի հագեցման, ինչպես նաեւ արտաքին տարածքի բարեկարգման աշխատանքները: Նշվել է, որ ավարտվել է նաեւ Ճառագայթային բուժման կենտրոնի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման գործընթացը, եւ մեկ ամսից կհայտարարվի շինարարական աշխատանքների իրականացման եւ սարքավորումների գնման կապալառու կազմակերպության ընտրության մրցույթ: Վարչապետը նշել է, որ միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից կենտրոնի ստեղծումը կարեւոր նշանակություն ունի ուռուցքային հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման եւ բուժման համար եւ հանձնարարել պատասխանատուներին հետեւողական լինել աշխատանքները պատշաճ որակով եւ սահմանված ժամկետում իրականացնելու հարցում:

Հաջորդիվ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանի եւ «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» ընկերության նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Բաքրջյանի մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները եւ հետագա քայլերը: