Ռուսաստանը միանգամայն ունակ է կանխել զինված հակամարտության սրումը ղարաբաղյան հակամարտության գոտում: Այս մասին «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կողմից հայկական լրատվամիջոցների համար կազմակերպված առցանց մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց «Անատոլի Սոբչակի հիմնադրամի» փորձագետ, Աճի կուսակցության խորհրդի անդամ Սերգեյ Ստանկեւիչը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին այն մասին, թե ռուս-թուրքական հարաբերությունների բարելացումն ինչպես կազդի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա եւ արդյո՞ք դա զսպող գործող կդառնա Բաքվի համար:

Նրա խոսքով, սակայն, Ռուսաստանն ինքնուրույն չի կարող արագացնել հակամարտության դիվանագիտական կարգավորումը: «Այստեղ նախկինի պես հարկավոր է հույսը դնել ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ Ռուսաստանի ու Ֆրանսիայի լրացուցիչ դիվանագիտական ջանքերի վրա: Ղարաբաղյան հակամարտությունը համաշխարհային պատմության մեջ «երեք սերունդների հակամարտության» հազվագյուտ տեսակին է պատկանում: Հրադադարի պայմաններում պետք է երկու կողմից էլ առնվազն երեք սերունդ փոխվի, մինչեւ հնարավոր լինի վերջնական եւ ամուր կարգավորում ձեռք բերել»,- նշեց Սերգեյ Ստանկեւիչը:

Նա հավելեց, որ բոլորն իսկապես պետք է պատմական համբերությամբ զինվեն: «Ո՛չ հակամարտող կողմերը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Արեւմուտքը չեն ցանկանում, որպեսզի ղարաբաղյան հակամարտության գոտին Ռուսաստանի եւ Արեւմուտքի դիմակայության եւս մեկ հարթակ դառնա»,- հավելեց փորձագետը: