2016-ի առաջին կիսամյակում Հայաստանի պետբյուջեի եկամուտներն աճել են 1.6 տոկոսով՝ մինչեւ 547 մլրդ դրամ: Հայաստանի ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանն այս մասին հայտարարել է խորհրդարանում պետբյուջեի 2016-ի առաջին կիսամյակի կատարողականի հաշվետվությունը ներկայացնելիս:

Դրանից հարկային եամուտները կազմել են 512.6 մլրդ դրամ եւ աճել են 2.2 տոկոսով: Ծախսերը կազմել են 631.8 մլրդ դրամ եւ աճել են 6.2 տոկոսով: Այսպիսով, պետական բյուջեն 84.8 մլրդ դրամ պակասուրդով է կատարվել:

Հարկային վճարումների թվում ամենամեծ տեսակարար կշիռն ունի Ավելացված արժեքի հարկը՝ 177.4 մլրդ դրամ կամ ամբողջ եկամտի 32.4 տոկոսը:

Վճարվել է 156 մլրդ դրամ եկամտահարկ կամ ամբողջ եկամտի 28.4 տոկոսը:

Վճարվել է 71.2 մլրդ դրամ շահութահարկ, որը կազմել է ամբողջ եկամտի 13.0 տոկոսը:

Մաքսատուրքի եւ ակցիզային հարկի վճարումները կազմել են, համապատասխանաբար, 25.2 եւ 25.1 մլրդ դրամ:

Շրջանառության հարկի վճարումները փոքր եւ միջին բիզնեսի համար կազմել են 6.8 մլրդ դրամ:

Պետտուրքի վճարումները կազմել են 15.4 մլրդ դրամ:

Ծախսերը կազմել են 631.8 մլրդ դրամ եւ կատարվել են 92 տոկոսով: Բյուջետային աշխատողների աշխատավարձերի ծախսերն աճել են 4.2 տոկոսով եւ կազմել են 60.5 մլրդ դրամ կամ ամբողջ ծախսի 9.6 տոկոսը: