Միասին ալկոհոլային խմիչք օգտագործելը դրական է անդրադառնում մարդկանց հարաբերությունների վրա: Planet Today-ի փոխանցմամբ՝ նման եզրահանգման են եկել Նիդեռլանդներից գիտնականները:

Պարզվել է, որ չափավոր չափաբաժնով ալկոհոլն օգնում է ամրապնդել հարաբերություններն ու միավորում է մարդկանց: Փորձի մասնակիցներն աշխատել են տարբեր ընկերություններում, որտեղ կանոնավոր կերպով կորպորատիվ հավաքույթներ են կազմակերպվում: Բացի այդ, կամավորները պետք է գնահատեին այլ ընկերությունների աշխատակիցների հետ իրենց հարաբերությունները:

Գիտնականները կարողացել են պարզել, որ այն ընկերություններում, որտեղ կորպորատիվ հավաքույթների ժամանակ ալկոհոլ չի եղել, բայց փոխարենն աշխատողներն ակտիվորեն սպորտով են զբաղվել, գործընկերների՝ միմյանց տված անանուն գնահատականներն ավելի ցածր են եղել, քան այն ընկերություններում, որտեղ տոներին թույլատրվել է ալկոհոլ օգտագործել:

Այն ընկերություններում էլ, որոնց աշխատակիցները ժամանակ առ ժամանակ ինքնուրույն երեկոները հավաքվել են գործընկերների հետ, աշխատանքային մթնոլորտն ավելի ընկերային է եղել:

Հետազոտության հեղինակները, սակայն, հիշեցնում են, որ ալկոհոլի չարաշահումը կարող է հակառակ արդյունքի հանգեցնել, քանի որ այն կարող է վեճերի եւ կոնֆլիկտների պատճառ դառնալ: