Եթե Հայաստանի ֆինանսական իշխանությունները ժամանակին չարձագանքեին մակրոտնտեսական ցնցումներին, Հայաստանում նույնպիսի տնտեսական անկում կսկսվեր, ինչպես Ռուսաստանում եւ Ադրբեջանում: Այս մասին սեպտեմբերի 6-ին Հայաստանի Ազգային ժողովում հայտարարեց Կենտրոնական բանկի (ԿԲ) փոխնախագահ Ներսես Երիցյանը:

Հաշվի առնելով Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատումները, ինչպես նաեւ բարձր բերքատվությունն ու գյուղմթերքի ցածր գները, 2015 թվականին բացասական գնաճ էր ակնկալվում, բայց ԿԲ-ին հաջողվեց դրա նվազումը զսպել մինչեւ 0.1% (2015 թվականի դեկտեմբերը՝ հունվարի նկատմամբ - խմբ.):

Սակայն ԿԲ-ն չարձագանքեց առաջարկի ավելցուկին եւ չխստացրեց դրամավարկային քաղաքականությունը: Հակառակ դեպքում, ըստ Երիցյանի, գները կբարձրանային, իսկ բնակչության իրական եկամուտները՝ կնվազեին:

Նշենք, որ 2016 թվականի առաջին կիսամյակում, 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ, գնանկումը կազմել է 1.5%, իսկ 12-ամսյա գնանկումը հունիսին կազմել է 1.1%:

Այս կայունության շնորհիվ նվազել են նաեւ հանրապետության կարճաժամկետ պետական պարտատոմսերի տոկոսները՝ 1.2-1.5%-ով:

Նվազել են նաեւ վարկերի տոկոսադրույքները: «Թեկուզ ոչ զգալի, բայց 0.5-1%-ի չափով նվազում ունենք: Իսկ վարկավորումն աճել է 4-5%-ով եւ շարունակում է աճել»,- հայտարարել է Երիցյանը:

ԿԲ-ի տվյալներով՝ Հայաստանում մի շարք վարկատեսակների մասով դրույքաչափերը նվազել են, մյուսների պարագայում՝ աճել: Մասնավորապես, 2016 թվականի հունիսին՝ 2015-ի դեկտեմբերի հանդեպ, նվազել են դրամով (20.2%-ից մինչեւ 19.7%) եւ արտարժույթով (15.2%-ից մինչեւ 14.7%) սպառողական վարկերի դրույքաչափերը: «Եթե մենք կայունություն չապահովեինք, կլիներ այնպես, ինչպես Ադրբեջանում եւ Ռուսաստանում, որտեղ ֆինանսական համակարգը թույլ կառավարելի դարձավ»,- հավելեց Ներսես Երիցյանը:

Բացի այդ, ցածր գնաճային ֆոնը թույլ տվեց ավելացնել բնակչության խնայողությունները: Հայերը սկսեցին ավելի քիչ սպառել, քան ստեղծել, ինչը թույլ է տալիս նոր ռեսուրսներ ներգրավել:

Արտաքին ցնցումները դիմավորելով ցածր գնաճով՝ 2016 թվականի վերջին Հայաստանում դրա աստիճանական բարձրացում է ակնկալվում, իսկ 2017 թվականի ընթացքում՝ վերադարձ դեպի 4+/- 1.5% թիրախային միջանցք: