«Հրապարակ» թերթը գրում է. «Լրագրողները կմասնակցեն առաջիկա ՏԻՄ ընտրություններին ոչ միայն լուսաբանողի կարգավիճակում, այլեւ ավագանու անդամի թեկնածուների: Գյումրիում հոկտեմբերի 2-ի ընտրություններում ՀԱԿ խմբակցության ցուցակը գլխավորում է «Շրջապատ» թերթի հիմնադիր Եպրաքսիա Մեխակյանը (անկուսակցական): Ցուցակի երկրորդ տեղում մեր գործընկեր՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ակադեմիայի դասախոս, «ՉԻ» օրաթերթի լրագրող Արման Գալոյանն է (ՀԱԿ):
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում էլ ներգրավված է Էմմա Պալյանը՝ «Արարատնյուզ» կայքի խմբագրի օգնականը։ Գեւորգ Լոռեցյանը՝ նույնպես լրագրող, ներկայացնում է «Բեթքոնսթրաքթ»-ը:
ԳԱԼԱ-ի ցուցակը գլխավորում է համանուն ՀԸ-ի հիմնադիր Վահան Խաչատրյանը, երկրորդ տեղում է «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, «Ասպարեզ» թերթի եւ asparez.am կայքի խմբագիր Լեւոն Բարսեղյանը, ինչպես նաեւ galatv.am կայքի գլխավոր խմբագիր Քրիստինա Մկրտչյանը:
Վանաձորում էլ «Լուսավոր Հայաստանի» ցուցակում է լրագրող, անկուսակցական Աստղիկ Ավետիքյանը, սակայն ցուցակի 32-րդ տեղում: Գեղարքունիքի մարզի Անտառամեջ համայնքում համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել ՀՀԿ-ական Սմբատ Սարիբեկյանը, որի անվան դիմաց գրված է՝ «Հեռուստակայան»: Հավանաբար վրիպակ է, քանի որ դժվար թե հեռուստակայանը հանդես գար անուն-ազգանունով եւ որպես թեկնածու մասնակցեր ՏԻՄ ընտրություններին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



























