Ընտրախախտումների դեմ պայքարի գործիք համարվող  քվեարկված ցուցակների  հրապարակման դրույթը կամրագրվի օրենսգրքում իրավական խիստ հետեւանքներով. քրեական պատասխանատվության կենթարկվի ինչպես ընտրախախտում թույլ տված անձը, այնպես էլ ընտրակեղծիքի մասին սուտ տեղեկություն հաղորդող հանձնաժողովի անդամը: Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանն`անդրադառնալով այս փուլում ընթացող քննարկումներին:

Նշենք, որ ընտրական վերահսկողական մեխանիզմների համաձայնագրի տապալումից հետո, իշխանությունը ընդդիմությունն ու քաղհասարակությունը որպես այլընտրանք քննարկում են քվեարկված ցուցակների հրապարակման հարցը, ինչի դեմ կատաղի պայքար է մղել իշխանությունը եւ այն համարել է անթույլատրելի: 

«Այժմ քննարկվում է հարցը եւ հստակեցվում, խստացվում են իրավական հետեւանքները եւ այդպիսով  հանվում է այն մտահոգությունը, որ մենք ունեինք: Օրինակ, որեւէ կուսակցություն դժգոհում է քվեարկության արդյունքներից եւ 2 հազար տեղամասում իր վստահված անձինք գրում են` այս 10 հոգին  արտասամանում է, բայց նրանց տեղը  ստորագրված է, քվերակված է,  այդ ամբողջը կլինի 20 հազար բողոք, այս դեպքում, պարզ է, չէ՞ որքան ժամանակ է հարկավոր իրավապահներին ստուգելու տեղեկությունը խնդիրը կարագավորելու համար: Հիմա ծնվել է մի գաղափար, որ քրեորեն պատժելի դարձնեն ինչպես ընտրակեղծարարներին, այնպես էլ կեղծ տեղեկություն հաղորդողին եւ տրամադրողին»,-ասաց Սամվել Նիկոյանը:

Ըստ նրա` այսպիսով հնարավոր կլինի խուսափել քաոսից եւ ողջամիտ ժամկետում լծվել ընտրակեղծիքների բացահայտմանը:

Անդրադառնալով ամիսների քննարկումների արդյունքում ձեռք բերված  համաձայնագրի տապալմանը, որով նախատեսվում էր ներդնել էլեկտրոնային համակարգ, Նիկոյանը պնդեց, որ տապալման մեղավորը իշխանությունը չէ, այն ընդդիմադիրների եւ քաղաքացիական հասարակության քննարկումների ձգձգման պատճառով տեղի ունեցավ: Մինչդեռ ինքը ժամանակին իր քաղաքական հակառակորդների ու քաղհասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հորդորել էր արագացնել գործընթացը, քանի որ ժամանակի սղության պատճառով չէին հասցնելու դրա իրագործումը:

«Իշխանությունը պատրաստ է քաղաքացիական հասարակության ու ընդդիմության մոտ առկա մտահոգությունները լուծել ու կիրառել վերահսկողական մեխանիզմները, բայց դրանք ներառում էին կարեւոր խնդիրներ` համաձայնություն քաղաքացիական հասարակության եւ ընդդիմության հետ, ֆինանսական հնարավորություններ միջազգային դոնոր կազմակերպություններից եւ երրրորդը` ժամանակ, որ դրանք իրագործվեին, ես ասում էի` եթե այս համաձայնությունը կայանալու է հուլիսից հետո, ապա իմ կարծիքով դա տեխնիկապես հնարավոր չի իրականացնել: Այդպես էլ եղավ: Իմ գործընկերներին ասել եմ, կարող է գա ժամանակ, դուք համաձայն լինեիք այս ամեն ինչին, բայց տեխնիկապես անհնար լինի իրականացնել»,-ասաց պատգամավորը:

Նիկոյանն ընդգծեց, որ 4+4+4 համաձայնագրով առաջարկված տարբերակը ավելի վերահսկելի էր դարձնում ընտրական գործընթացը, հիշեցրեց, որ ներկայումս քննարկվող տարբերակը`քվեարկված ցուցակների հրապարակումը, իր առաջարկն է եղել  ԱԺ փոխնախագահ լինելու ժամանակներից:

Հիշեցնենք, որ քվեարկված ցուցակների հրապարակումը ընդդիմության պահանջն է վերջին 15 տարվա ընթացքում, որին իշխանությունները դեմ էին եւ ամեն ինչ անում էին, որ այն կյանքի չկոչվի: