Երբ ինչ-որ մեկի մոտ ինչ -որ բան չի ստացվում՝ ճիշտ ընտրությունը հեռանալն է: Այս մասին սեպտեմբերի 7-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը, անդրադառնալով Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու ներկա կառավարության գալիք հրաժարականի մասին լրատվամիջոցներով տարածված տեղեկություններին:
Պատգամավորի խոսքով առանձին անհատների փոփոխությունով սահմանափակվելը սխալ կլինի: «Մենք պետք է իրականում կարողանանք ձեւավորել համակարգ, որտեղ բոլոր մեղավորները պատասխանատվության կկանչվեն: Ցավոք, դասեր մենք ստացել ենք, բայց արդյո՞ք դրանք յուրացրել ենք»- հարց է տալիս Թեւան Պողոսյանը: «Առանց կրակի ծուխ չի լինում» շարունակեց պատգամավորը, եթե այդքան գրում են Կառավարությունում փոփոխությունների մասին՝ ուրեմն մի բան կա: «Մյուս կողմից էլ դրա անհրաժեշտությունը պարզ դարձավ հուլիսյան իրադարձություններից հետո, երբ Կառավարության սխալ քաղաքականության պատճառով մենք չկարողացանք ապրիլյան իրադարձությունները ներկայացնել որպես մեր հաղթանակ: Հասարակության մեջ պարտվողական տրամադրություններ սկսվեցին»,- շեշտեց Թեւան Պողոսյանը:
Պատգամավորը հիշեցրեց, որ սեպտեմբերի 18-ին ու հոկտեմբերի 2-ին Հայաստանում սպասվում են ինքնակառավարման մարմինների ընտրություններ: «Շանսերը, որ արդար ընտրություններ կլինեն, առանց ներկա Կառավարության ավելի շատ կլինեն: Հույս ունենանք, որ հոկտեմբերի 2-ը Գյումրիի ու Վանաձորի հասարակայնությանը նոր տրամադրվածություն կբերի»,- հավելեց Թեւան Պողոսյանը:




























