«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Հակոբյանը սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից «դատարան տեղափոխվելու» պատրվակով ՀՀ ոստիկանության ուղեկցող վաշտի աշխատակիցների կողմից ապօրինաբար տեղափոխվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Այս մասին հայտարարություն են տարածել Արայիկ Հակոբյանի փաստաբաններ Լուսինե Սահակյանը եւ Երվանդ Վարոսյանը:
«Ա. Հակոբյանը տեղափոխվել է ծառայության 4-րդ հարկում գտնվող աշխատասենյակներից մեկը։ Ա. Հակոբյանի` պաշտպաններին անհապաղ հրավիրելու պահանջին, նրան ընդունած քննիչը պատասխանել է, թե իբր չի կարողանում նրանց հետ կապնվել, քանի որ նրանց հեռախոսներն անհասանելի են։ Սա այն պարագայում, երբ Ա. Հակոբյանի երկու պաշտպանները նույն ժամանակահատվածում գտնվել են նույն քննչական մարմնի վարչական շենքի 2-րդ հարկում, մասնակցել են իրենց այլ վստահորդների հարցաքննությանը։
6 ժամից ավելի ՀՀ ՀՔԾ-ում պահվելուց, քննիչի հետ «զրույց» ունենալուց հետո, Արայիկ Հակոբյանը կրկին տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Հատուկ քննչական ծառայության նման գործելաոճն անընդունելի է, վկայում է այն մասին, որ իր առջև դրված պահանջների լուծումը չտեսնելով օրինականության դաշտում, քննչական մարմինը փորձ է կատարում գործի դնել օրենքից դուրս գտնվող մեթոդներ։ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից պահանջում ենք այսուհետ զերծ մնալ նման գործողություններից, գործել բացառապես օրենքով սահմանված կարգով, միջոցներով ու մեթոդներով: Միաժամանակ պատկան մարմիններից պահանջում ենք միջոցներ ձեռնարկել մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ:



























