Այսօր հայկական կողմի համար ամենամեծ սխալը կլինի ղարաբաղյան հակամարտության հարցում զիջումների գնալը: Սեպտեմբերի 7-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, այս մասին ասել է  ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Նրա խոսքով՝ հայ եւ ադրբեջանցի հասարակությունները ներկայումս ցանկացած սցենարի պատրաստ են՝ միայն թե զիջումների չգնան: «Ադրբեջանի հասարակության բնույթն այնպիսին է, որ անհնար է որեւէ հարցում պայմանավորվել: Այնտեղ, Իլհամ Ալիեւի գլխավորությամբ, հարցի միակ լուծումը համարում են ամբողջ հայության ոչնչացումը»,- նշել է Թեւան Պողոսյանը:

Պատգամավորի համոզմամբ՝ Հայաստանը եւ Ղարաբաղը պետք է զարգանան: «Այդ ընթացքում Ադրբեջանում պատմության դասագրքերը գուցե փոխվեն, Ադրբեջանը գուցե ժողովրդավարական երկիր դառնա: Համենայնդեպս, մեզ համար ղարաբաղյան հարցի լուծումը դրա չլուծման մեջ է»,- հավելել է Թեւան Պողոսյանը: