Մեր բոլոր ընդվզումները, որին ականատեսն ենք, ի վերջո, ազնիվ մարդկանց ըմբոստություն, ազնվություն է, որը սակայն չունի այն տեսլականը, որը մեզ պիտի երկրի տեր դարձնի, հոգեւոր Հայաստանի տեր դարձնի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, «Հոգեւոր Հայաստան» համաժողովի ժամանակ իր ելույթում նշել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

«Մենք հաճախ անցնում ենք ընդվզումների, խորը հուզումների, երբեմն էլ հիասթափությունների միջով, երբեմն շատ լուրջ ցավերի միջով: Երբեմն դրա կողքին գոյանում է չարություն, որն իմ խորին համոզումով, հազիվ թե մեզ իսկապես առաջնորդող հանդիսանա, քանի որ մենք՝ հայերս աստվածատուր ժողովուրդ ենք եւ մեր ողջ ճակատագիրը, ճանապարհն անցել է խոնարհումով, համբերությամբ: Երբ լինում է Հոգեւոր Հայաստան հասկացությունը, ես ասում եմ՝ սրա անհրաժեշտությունն օդի մեջ է»,-ասաց նա:

Անդրադառնալով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի (Նկարիչ Աշոտ) հետ իր հանդիպմանը՝ նա նշեց. «Մեր հիմքերը պետք է լինեն այնտեղ, որտեղ Աշոտ Պետրոսյանը որոշեց իր նկարները ցուցադրել Թումանյանի տուն թանգարանում:Ես երջանիկ եմ, որ այցելեցի իրեն, մինչ այդ նրան չգիտեի: Ես իրեն պատմեցի հետեւյալը՝ դու գիտե՞ս, որ քո ուսուցիչը՝ Սամվել Պետրոսյանը, հրաշալի ընտանիքի զավակ էր: Երբ նա պառկած էր հիվանդանոցում, մենք 2 ժամ զրուցեցինք: Ես հարցրի՝ դու քո ուսուցչի հոր մասին որեւէ բան գիտե՞ս, ասեց՝ չէ: Ասացի՝ կարեւոր է իմանալը, որովհետեւ նա եթե քեզ ասեր, դու կիմանայիր, որ իր հայրը հայ ազգային ազատագրական պայքարի զինվոր էր, հրամանատար, որի մոտ զինվոր է եղել Եղիշե Չարենցը: Երկու էջանոց հուշ-գրություն ունի Չարենցի հրամանատար Բարդուղ Պետրոսյանը՝ զինվոր Չարենցի մասին:

Շատ հուզիչ էր այդ ամենը. Սա, հավատացած եմ, մի ամբողջություն է, այդ զինվորը, Չարենցը, այդ հիվանդանոցը, Աշոտի հետ մեր զրույցը: Մենք իրար շատ պետք է սիրենք, որովհետեւ ամեն մեկս մի տեսակի կրողն ենք: Նույն տեսակի 3 հայ չկա, ամեն մեկս մի հատ ենք, պետք է խնամքով լինենք իրար հանդեպ»: