Անցած 25 տարում մենք եղել ենք խորը թմբիրի մեջ, վատնել ենք այդ տարիները եւ կառավարման լծակները փրփուրներին հանձնելով ամայացրել են մեր հայրենիքի այս փոքրիկ հատվածը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, «Հոգեւոր Հայաստան» հիմնադիր համագումարի ժամանակ համացանցային կապով նշել է հայտնի օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը:
Նրա խոսքով, արտագաղթը, բնակլիմայական աղետալի վիճակը, որը պայմանավորված է վայրագ հանքարդյունաբերությամբ, մենաշնորհային տնտեսությունը, ձախողված, գոյություն չունեցող մշակութային քաղաքականությունը, ապաշնորհ արտաքին քաղաքականությունը եւ իհարկե, բանակում տեղ գտած չարաշահումները մեր երկրի ու ժողովրդի գոյությունը դրել են հարցականի տակ:
«Այսօր կանգնած ենք գոյութենական խնդրի առջեւ: Թվում էր ապրիլյան դեպքերը զարթուցիչի դեր պիտի կատարեին, բայց դրանք ավելի ցցուն դարձրին այն ախտերը, որոնք առկա են մեր երկրում: «Սասնա ծռերի» գործունեությունը եկավ առավել ընդգծելու դժգոհության այն լուրջ ալիքը, որ կա երկրում: Այդ ալիքը եւս ոչինչ չկարողացավ փոխել: Ժողովրդի համախմբում է անհրաժեշտ՝ պլեկտոկրատական պետությունը վերջապես մեր եւ մեր երկրի մշակույթին արժանի պետության վերածելու, ոչ միայն Արցախը, այլեւ ազատագրված տարածքները չհանձնելու եւ մեր հազարամյա գոյությունը արժանապատվորեն շարունակել կարողանալու համար»,-ասաց Հասմիկ Պապյանը:
Անդրադառնալով 2017-ի խորհրդարանական ընտրություններին, երգչուհին նշեց, որ դրանք մեր ժողովրդի համար ճակատագրական են լինելու. «Առկա պայմաններում դժվար չէ դրանց ելքը կանխատեսելը: Կոչ եմ անում ժողովրդին դրսեւորելով քաղաքացիական գիտակցություն, ինքնակազմակերպվել, լսելի դարձնել իր ձայնը եւ ստիպել հաշվի նստել իր հետ: Այս ճակատագրական ժամանակներում սխալվելու իրավունք չկա: Սթափվենք, համախմբվենք եւ հաղթենք»:




























