Կարծում եմ՝ այս ՏԻՄ ընտրություններն ավելի ակտիվ եւ սուր է ընթանում՝ այն առումով, որ ավելի շատ կուսակցություններ են մասնակցում. այդ պայմաններում՝ այն որակապես կտարբերվի նախորդ ՏԻՄ ընտրություններից: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում սեպտեմբերի 18-ին մի շարք համայնքներում սպասվող ՏԻՄ ընտրություններին:

Նրա խոսքով, եթե մարդը, քաղաքական գործիչը, քաղաքական ուժը փորձում է քաղաքականությամբ զբաղվել, պետք է սկսի ՏԻՄ ընտրություններից՝ մարդկանց հետ հարաբերվելուց։ Պատգամավորը կարծում է՝ այս անգամ ընտրություններն ավելի թափանցիկ կլինեն. «Բնական է, որ ՏԻՄ ընտրություններում մեծ մասը ՀՀԿ-ին է հարում, որովհետեւ համայնքի ղեկավարն աշխատելու է հիմնականում իշխանությունների հետ եւ, բնականաբար, պետք է գոնե բարոյական առումով ընդունի այն ծրագիրը, որը վարում է ՀՀԿ-ն»:

Լեռնիկ Ալեքսնյանը չհամաձայնեց տեսակետին, թե ՀՀԿ-ն «զոռով» է անցակցնում իր թեկնածուներին ՏԻՄ ընտրություններում. «Չկա նման բան: Իհարկե, մեր թեկնածուն պետք է ընդունի մեր ծրագիրը, բայց եթե անձը չունի ընտրազանգված իր տարածքում, ՀՀԿ-ն նրան զոռով չի առաջադրի»:

Հարցին, թե ՀՀԿ-ն այլեւս ընտրակաշառք չի՞ բաժանելու, մարդկանց չի՞ ահաբեկելու, ՀՀԿ-ական պատգամավորն այսպես արձագանքեց. «ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն երբեք ընտրակաշառք չի բաժանել»։

Լրագրողի ճշտող հարցին, թե՝ այդ դեպքում ե՞րբ եք բաժանել՝ համապետական ընտրությունների՞ն, Ալեքսանյանն այսպես պատասխանեց. «Ոչ մի անգամ չենք բաժանել։ Խնդրում եմ, ինձ նման պրովոկացիոն տիպի հարցեր մի տվեք։ Իսկ ո՞վ է ասել, որ բաժանել ենք, ես ասել եմ՝ ինչ-որ ժամանակ բաժանե՞լ ենք»։

Դիտարկմանը՝ թե՝ սենդվիչները չէի՞ն դասվում ընտրակաշառքի մեջ, Լ. Ալեքսանյանն այսպես արձագանքեց. «Ի՞նչը, սենդվիչնե՞րը։ Մարդ կա՝ կարող է դա ընտրակաշառք համարի, մարդ կա՝ կարող է դա բարեգործություն համարի։ Ընտրակաշառքի եւ բարեգործության շփման գիծը շատ նեղ է։ Նայած՝ ինչ աչքերով ես նայում»։

Լրագրողներից մեկի այն դիտարկմանն էլ, թե՝ հիմա էլ որոշ գյուղերում խաշլամա են բաժանում, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Կարող է՝ սեմուշկա էլ բաժանեն, ինչ-որ մեկը կարող է՝ իր հարեւանին մի բաժակ սեմուշկա տա, դա չի նշանակում, որ ՀՀԿ-ն է բաժանում»։

«Ես միշտ ընտրակաշառքին դեմ եմ եղել, դրա դեմ նաեւ պայքարել եմ ներկուսակցական բանով: Դրանից է կախված մեր բոլոր թերությունները: Ես չեմ ասում՝ այդ երեւույթը չկա, պետք է պայքարել դրա դեմ, բայց նաեւ պետք է տարբերել ընտրակաշառքի մոտիվները, ձեւերը»: ՀՀԿ-ական պատգամավորը գյուղի ասֆալտ անելը եւս ընտրակաշառք է համարում, բայց «ավելի ընդունելի»:

«1990-ականներից ընդունված է, որ եթե մարդը ունեւոր է, գյուղին օգնում է, դա ընդունելի է համարվում: Դա ավելի ընդունելի է, քան որ ոչինչ չի անում, եւ հասարակությունը դրան դրական է վերաբերում»,-ընդգծեց նա: