Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ սեպտեմբերի 7-ին հետաձգվեց փաստաբան Տիգրան Հայրապետյանի բողոքի քննությունը՝ ընդդեմ գլխավոր դատախազի անգործության՝ դատախազության ներկայացուցչի բացակայության պատճառով: Նշենք, որ փաստաբանը բողոք է ներկայացրել՝ պահանջելով պարտավորեցնել գլխավոր դատախազին կատարել իր գործառույթները: Նա ըստ փաստաբանի, մերժելով իրենց ներկայացրած բազմաթիվ միջնորդությունները, անգործություն է դրսեւորել ինչպես «Սասնա ծռեր» խմբի, այնպես էլ խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի գործերով:
«Ընդունելով, որ Կարո Եղնուկյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, խափանման միջոցն էլ ապօրինի, դիմել էինք գլխավոր դատախազին՝ խափանման միջոցը վերացնելու հարցով, քանի որ դատարանի որոշմամբ ընտրված կալանքը կարող է վերացնել միայն դատախազը: Բացի այդ՝ բազաիթվ միջնորդություններ էինք ներկայացրել թե կալանքը վերացնելու, թե մեղադրանքը վերացնելու, թե այլ իրավունքների խախտումները վերացնելու վերաբերյալ ու թե նախաքննական մարմնի գործողությունների դեմ: Սակայն մեր ներկայացրած բոլոր միջնորդությունները մերժվել էին»,- դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբանը՝ նշելով, որ մերժել են առանց հիմնավորումների:
Տիգրան Հայրապետյանը նշեց, որ բողոքում անդրադարձել է նաեւ գլխավոր դատախազի որակումներին կապված «Սասնա ծռեր» խմբի անդամների արարքների, նրանք առաջադրվելիք մեզադրանքների հետ:
«Առաջարկել էին հանձնվել՝ ասելով, թե չեն չեն մեղադրվի 218 (պատանդ վերցնել) եւ 219 (շենքեր գրավել) հոդվածներով»,- ասաց փաստաբանը:




























