Մենք Ռուսաստանի մեջ թշնամի չենք փնտրում, բայց եւ սխալ չենք համարում մեր դաշնակիցներին եւ միջազգային կարգը պաշտպանելը: Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարել է Օքսֆորդի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը:
Նա Ռուսաստանին կոչ է արել չմիջամտել Արեւմուտքի «ժողովրդավարական գործընթացներին» եւ Մոսկվային մեղադրել է ագրեսիվ պահվածքի համար, որն ուղղված է համաշխարհային կարգի խախտմանը: Ըստ որում՝ նա չի հստակեցրել, թե Ռուսաստանն ի՞նչ է հատկապես անում եւ արդյոք նկատի ունի՞ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության կայքերի վրա իրականացված հաքերային հարձակումները:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը Ռուսաստանի մեջ թշնամի չի փնտրում: «Բայց մենք սխալ չենք համարում մեր դաշնակիցներին եւ հանուն դրական ապագայի համաշխարհային կարգի պաշտպանությունը»,- ասել է Քարթերը՝ նշելով հավաքական անվտանգությունը վնասելու փորձերին հակազդելու անհրաժեշտությունը: «Մենք չենք կարող անտեսել միջամտությունը ժողովրդավարական գործընթացներին»,- նշել է Քարթերը:




























