Հակամարտությունների եւ բռնության հետեւանքով միլիոնավոր երեխաներ ստիպված են եղել փախչել հայրենի վայրերից կամ արտագաղթել՝ ավելի անվտանգ եւ բարեկեցիկ կյանք որոնելով: Այս մասին ասված է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նոր զեկույցում:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքի խոսքով՝ Սիրիայից փախած 3-ամյա Ալան Քուրդիի անշնչացած մարմնի լուսանկարները, որը խեղդվել էր Եվրոպա ուղեւորվելու ճանապարհին, արնաշաղախ եւ վախեցած սիրիացի փոքրիկ Օմրան Դաղնիշի նկարները, որին փրկել էին Հալեպում ռմբակոծության հետեւանքով փլուզված շենքից, սարսափի խորհրդանիշ են դարձել, որն ապրում են միլիոնավոր երեխաներ:

Իրենց հայրենի վայրերը լքել են շուրջ 50 մլն երեխաներ: Նրանցից 28 միլիոնը փախել է՝ փորձելով փրկվել հակամարտություններից եւ բռնությունից, 10 միլիոնը փախստական է դարձել, շուրջ 1 միլիոնը՝ ապաստան փնտրող եւ 17 միլիոն երեխա էլ՝ ներքին տեղահանված անձ: Այդ երեխաները միջազգային հանրության անհապաղ օգնության կարիքն ունեն: Նրանք աշխարհի փախստականների կեսն են կազմում: 2015 թվականին բոլոր փախստական երեխաների 45%-ը Սիրիայից եւ Աֆղանստանից է եղել:

Երեխաները հայրենի վայրերից հեռացել են տարբեր պատճառներով, այդ թվում՝ աղքատության կամ բանդիտիզմի եւ նրանց հետ կապված բռնության: Դեռահաս միգրանտներին բազմիցս ձերբակալում են եւ պահում մեծահասակների հետ, քանի որ տարիքը հաստատող փաստաթուղթ չեն ունենում:

Մանկական հիմնադրամի նոր զեկույցի հեղինակները նշում են, որ ավելի ու ավելի հաճախ են երեխաներին արտերկիր ուղարկում՝ առանց ծնողների կամ մեծահասակ ազգականի ուղեկցության: 2015 թվականին նման ավելի քան 100 հազար երեխաներ ապաստան են խնդրել աշխարհի 78 երկրներում. սա երեք անգամ ավելի է, քան 2014 թվականին: