Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր վրդովմունքն է հայտնել ՌԴ-ի դեմ Ուկրաինայի ճգնաժամի պատրվակով ԱՄՆ «նոր պատժամիջոցային հարձակումների կապակցությամբ»: Այս մասին նա խոսել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հեռախոսազրույցում:

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նշվել է, որ առանց տարրական պարկեշտությունը պահպանելու անհնար է աջակցության ուղղությամբ նորմալ համագործակցությունը, այդ թվում՝ տարածաշրջանային հակամարտությունները կարգավորելիս, որի մասին աշխատանքային շփումներում խնդրում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը:

Լավրովը Քերրիի ուշադրությունն է հրավիրել Ռուսաստանի քաղաքացի Կ. Վ. Յարոշենկոյի մոր բաց նամակին, որը կասկածելի մեղադրանքով գտնվում է ԱՄՆ բանտում. Օբամային ուղղված նամակում մայրը խնդրում է ազատել որդուն: Հույս է հայտնվել, որ այդ զուտ մարդասիրական հարցը դրական կլուծվի՝ հաշվի առնելով ռուսական կողմի բազմաթիվ դիմումները:

Դրանից զատ, Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների հանձնարարականի համաձայն՝ արտգործնախարարները մշակել են պայմանավորվածությունների վերջին մանրամասները՝ կապված Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում ռուս-ամերիկյան փոխգործակցության կարգավորման, հումանիտար հասանելիության ընդլայնման եւ միջսիրիական քաղաքական գործընթացի մեկնարկի հետ: Համաձայնություն է ձեռք բերվել քննարկումը շարունակել Ժնեւում սեպտեմբերի 8-9-ը նախանշված Լավրովի եւ Քերրիի անձնական հանդիպման ընթացքում: