Վարչապետները կարող են իրենց աշխատանքային ոճն ունենալ, սակայն եթե խաղի կանոնները նույնն են, նրանց փոփոխությունը չի կարող հանգեցնել բարեփոխումների։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի սպասվող պաշտոնանկությանը, կառավարության կազմի վերանայելուն։
Արմեն Ռուստամյանը վստահեցրեց, որ կառավարության փոփոխության անհրաժեշտության մասին ՀՅԴ–ի հետ որեւէ քննարկում տեղի չի ունեցել։ Մեկ ամիս առաջ կոալիցիայի նիստ են գումարել եւ քննարկել «Սասնա ծռեր» խմբի զինված ապստամբությունից հետո ստեղծված իրավիճակը։
«Չեմ կարծում, որ առանց մեզ հետ խոսելու, այդ հարցը քննարկելու, այդպիսի բան կատարվի, ի վերջո վարչապետի փոփոխություն նշանակում է կառավարության վերանայում։ Դա այն գլխավոր հարցերից մեկն է, որ հիմնականում կոալիցիոն գործընկերներին պետք է դրա մասին տեղեկացնեն»,–ասաց Արմեն Ռուստամյանը։
Դաշնակցական պատգամավորը նշեց, որ անգամ Սերժ Սարգսյանի հայտարարած ազգային համաձայնության կառավարության ձեւավորման խոսակցություն չի եղել։
Ամեն դեպքում, անդրադառնալով Հովիկ Աբրահամյանին նախկին քաղաքապետ, «Հայռուսգազարդի» ընկերության նախկին նախագահ Կարեն Կարապետյանով փոխելու հավանականությանն՝ ասաց. «Ոչինչ բացառել չի կարելի, ամեն ինչ էլ հնարավոր է փոփոխությունների պարագայում, մարդիկ կարող են իրենց դերակատարումը վերանայել, արտառոց բան չկա։ Մեզ համար միշտ նույն համոզումն է, որ անձինք թեեւ իրենց որակական ու ոճական առումով տարբերվում են, բայց խաղի կանոնները պետք է փոխվեն։ Պետք է ներսում խաղի կանոնները լինեն այնպես, որ ով էլ գա ղեկավարի երկիրը, իշխանության գլուխը լինի, նա այդ խաղի կանոններին համապատասխան կատարի քայլերը, քանի որ ժողովուրդը կուտակված խնդիրների փոփոխություն է ակնկալում»,–ասաց նա։
Հարցին, թե ինչու ծագեց խորհրդարանական ընտրություններից առաջ, այս կարճատեւ ժամանակահատվածում կառավարության փոփոխության անհրաժեշտությունը, իշխանության դաշնակիցը պատասխանեց.
«Մենք 2017 թվականի հետ շատ մեծ հույսեր ենք կապում, որովհետեւ վստահ ենք, որ Հայաստանի համար նոր էջ է բացվում՝ պայմանավորված սահմանադրական փոփոխություններով, ընտրական նոր համակարգով, ոչինչ չի խանգարում, որ այդ հեռանկարին համապատասխան քայլերն այսօր կատարվեն։ Մեր կարծիքով այսօր լիարժեք համապատասխան քայլեր չեն կատարավում։ Կոալիցիոն նիստերի ժամանակ մեր քննարկման թեման այն է, որ մենք առաջարկում ենք ստեղծված իրավիճակը փոխելու ադեկվատ մարտավարություն, որովհետեւ, իսկապես, ժողովրդի մոտ արդարացված դժգուհություն կա, իշխանությունից քայլեր են ակնկալում, որոնք մարդկանց հույսեր կներշնչեն»։
Դիտարկմանը, թե ինչու ընտրեցին Կարեն Կարապետյանի թեկնածությունը, որը ըստ լուրերի, քաղաքապետի պաշտոնից հրաժարվեց, քանի որ ժողովրդի վստահությունը չվայելող իշխանությունը դիմադրում էր նրա կտրուկ քայլերի քաղաքականությանը, Ռուստամյանն արձագանքեց. «Ես ասում եմ, որպեսզի այդպիսի վիճակ չառաջանա, պետք է փոխվեն խաղի կանոները։ Ադեկվատ պետք է լինեն այդ կանոնները մեր առջեւ ծառացած մարտահրավերներին»։
Արմեն Ռուստամյանը շեշտեց, որ խաղի կանոնների ամբողջական փոփոխությունը թափ կառնի 2017–ին, երբ իշխանության ճյուղերի տարանջատում կլինի եւ անձնիշխանությունը կփլուզվի։





























