ԽՍՀՄ տարիներին Տավուշի մարզի Գոշ գյուղում միայն եգիպտացորեն էին աճեցնում. նույնիսկ կարտոֆիլն այստեղ նորմալ չէր աճում: Այսօր գյուղում եգիպտացորեն նույնպես գրեթե ոչ ոք չի աճեցնում: Գյուղի բնակիչներն ասում են՝ անգամ խմելու ջրի խնդիր կա, իսկ ոռոգման ջուր գրեթե չկա:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում գյուղի բնակչուհի Ռուզան Աբրահամյանը պատմեց, որ այս վայրերում հողը լավն է եւ, բավարար քանակությամբ ջրի ու ոռոգման համակարգի առկայության դեպքում, կարելի էր սմբուկ, լոլիկ, պղպեղ, կաղամբ, լոբի, վարունգ եւ կանաչեղեն աճեցնել: Հողագործությունն էլ իր հերթին զգալիորեն կբարելավեր գյուղաբնակների սոցիալ-տնտեսական վիճակը:

Հողագործությամբ զբաղվելու անհնարինության եւ նորմալ վճարվող աշխատանքի բացակայության պատճառով երիտասարդ տղամարդկանց մեծ մասն արտագնա աշխատանքի է մեկնում, գյուղում միայն կանայք եւ ծերունիներն են մնում: Ռուզանի երկու որդիները, օրինակ, Ստավրոպոլում են, ինքն էլ ամուսնու մահից հետո մենակ է ապրում: Բարեբախտաբար՝ Ռուզանն աշխատանք ունի. աշխատում է Oxfam կազմակերպության աջակցությամբ ստեղծված տեղական գյուղատնտեսական կոոպերատիվում: Իհարկե՝ խոստովանում է. ստացած աշխատավարձը հազիվ թե իրեն բավականացներ իրեն, եթե չլիներ որդիների աջակցությունը:

Գյուղի որոշ բնակիչներ անասնապահությամբ են զբաղվում, բայց դա նույնպես պաշտպանվածության զգացողություն չի առաջացնում, քանի որ միայն մեկ կովից կախված ընտանիքը կարող է ծանր վիճակում հայտնվել: Ասում են՝ սարսափում են, երբ ոչ հեռու որեւէ կենդանու սատկելու մասին լուր են լսում. վախենում են, որ վարակիչ հիվանդությունները կարող են նաեւ իրենց կենդանիներին հասնել:

Ռուզանի խոսքով, եթե ջրի հարցը լուծվեր, գյուղի բնակիչները կկարողանային գոնե հողագործությամբ զբաղվել. էկոլոգիապես մաքուր մթերք կաճեցնեին, որն այսօր մեծ պահանջարկ ունի: Շուկայում լավ եւ որակյալ գյուղմթերք կհայտնվեր, իսկ գյուղացիների մոտ՝ վաղվա օրվա հանդեպ գոնե մի փոքր վստահություն: