Վերջին տարիներին Հայաստանի առջեւ երկու խնդիրներ են ծառացել՝ հայ-թուրքական հարաբերություններն ու տնտեսական ճգնաժամը, որոնց առկայությունը հանգեցրեց նրան, որ ավելի ցայտուն դարձան մեր բացթողումներն արտաքին քաղաքականության եւ տնտեսության մեջ: Բայց դա նաեւ դրական կողմեր ունի. մեր հասարակությունը հանեց վարդագույն ակնոցները եւ սկսեց ավելի սթափ նայել պետության շինարարության գործին: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է դաշնակցական պատգամավոր Արա Նռանյանը, ընդգծելով, որ ներկա իշխանությունը կառուցում է «անսեռ, անատամ պետություն»:
Նրա կարծիքով, արտաքին քաղաքականության մեջ անհրաժեշտ է վերադարձ կատարել դեպի հստակ ազգային ուղի, որը կբարձրացնի ոչ միայն երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում, այլեւ հասարակության բարոյա-հոգեբանական տրամադրվածությունը: «Ակնհայտ է, որ նեոազատական տնտեսական մոդելը արդյունավետ լինել չի կարող: Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանը որպես պետություն եւ հայերը որպես ազգ, պետք է մրցունակ լինեն ազգերի գլոբալ մրցապայքարում»,- ասել է նա:
Նռանյանը նաեւ կարծիք է հայտնել, թե Հայաստանի կառավարությունը լուրջ սխալ է անում, երբ մեր երկրի մրցունակությունը դիտարկում է Ադրբեջանի եւ Վրաստանի հետ համեմատության մեջ: Ըստ նրա, «դա կարող է երկիրը փակուղի մտցնել եւ խոչընդոտ լինել զարգացման համար»:
Նշենք, որ ՀՅԴ-ն 1998-2008թ. մտնում էր կառավարող կոալիցիայի մեջ: Նա մասնակցություն է ունեցել «անսեռ, անատամ պետության» շինարարությանը՝ նեոազատական տնտեսությամբ, որն այսօր քննադատում է: ՀՅԴ-ն կոալիցիայից դուրս է եկել միայն հայ-թուրքական արձանագրությունների շուրջ տարաձայնությունների հետեւանքով:




























