Էրոտիկ ֆոտոսեսիայի համար Վիեննայի օպերայից հեռացված հայազգի բալետի պարուհի Կարինա Սարկիսովան կվերադառնա բեմ, գրում է  «ՌԻԱ Նովոստին»:

Վիեննայի օպերայի ներկայացուցիչների հայտարարության համաձայն, Կարինա Սարկիսովային թույլատրվել է վերադառնալ խումբ այն բանից հետո, երբ նա ներողություն է  խնդրել իր արարքի համար:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, Վիեննայի պետական օպերայի հայ մենակատարուհի Կարինա Սարկիսովան հեռացվել էր թատրոնից, երբ Wiener ամսագիրն իր «սեքս» բաժնում հրապարակել էր նրա ֆոտոսեսիան, որտեղ նա գրեթե ամբողջությամբ մերկ էր: Ավելի վաղ, հունիսին Սարկիսովային արդեն նախազգուշացրել էին նմանատիպ բաց լուսանկարների համար (մայիսին բալետի պարուհին մերկ լուսանկարվել էր Penthouse ամսագրի համար):

 Կարինա Սարկիսովան Վիեննայի օպերայում հանդես է գալիս 2000 թվականից, իսկ 2009-ին դարձել է բալետային խմբի մենապարուհի: Աշխատելով Վիեննայի բալետում 9 տարի, նա դարձել է մենակատարուհի, որին հաջորդում է արդեն պրիմա-բալետի պարուհի աստիճանը:

Նա պարել է բազմատեսակ պարտիաներում` քնարականից մինչեւ ագրեսիվ բնույթի եւ մի քանի անգամ միջազգային բալետի մրցույթների հաղթող դարձել: Վերջին հինգ տարում Սարկիսովան զբաղվել է խորեոգրաֆիայով եւ ցուցադրել իր աշխատանքները Վիեննայի երիտասարդ խորեոգրաֆների Երեկոների շրջանակներում:

Բալետի պարուհին ամուսնացած է եւ ունի 8-ամյա որդի: