Ուրուգվայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խերարդո Ամարիժայի հետ:

ԱԺ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Շարմազանովը շնորհակալություն է հայտնել Խերարդո Ամարիժային իր եւ իր գլխավորած պատվիրակությանն Ուրուգվայ այցելելու հրավերի համար:

Հայկական պատվիրակության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է բազմակողմ համագործակցություն հաստատել լատինամերիկյան երկրների, այդ թվում՝ Ուրուգվայի հետ: Նա հույս է հայտնել, որ այցը եւս կնպաստի այդ առումով որոշակի առաջընթաց գրանցելուն:

Էդուարդ Շարմազանովն արձանագրել է, որ երկու երկրները միջազգային կազմակերպություններում սերտորեն համագործակցում են` սատարելով միմյանց թեկնածությունները տարբեր ընտրություններում: Նա հավելել է, որ Հայաստանը բարձր է գնահատում այն հանգամանքը, որ ՄԱԿ-ում Հայաստանին ուղղակիորեն առնչվող բանաձեւերի քվեարկության ժամանակ Ուրուգվայը մշտապես ցուցաբերել է հավասարակշռված մոտեցում:

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին՝ մասնավորապես նշելով. «Մենք ամեն ջանք գործադրելու ենք միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչմանը հասնելու համար: Նման ոճրագործությունների զանգվածային դատապարտումը կնպաստի մարդկության դեմ ուղղված նոր հանցանքների կանխարգելմանը: Ցեղասպանության ճանաչման գործընթացում Ուրուգվայն ստանձնեց առաջամարտիկի դերը՝ օրինակ ծառայելով ամբողջ աշխարհին եւ այդպիսով ցույց տալով համամարդկային արժեքներին իր հավատարիմ լինելը»:

Խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացից՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանն ու Արցախը հանդես են գալիս հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման օգտին եւ հավելել, որ արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա: