Չինական պետական Aluminum Corporation of China (Chalco) կորպորացիայի նախկին գլխավոր տնօրեն Սուն Չժաոսյուեն դատարանի առաջ է կանգնել կաշառակերության գործով, հայտնում է չինական պետական Սինհուա գործակալությունը:
2014 թվականի դեկտեմբերի վերջին Չինաստանի Կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) Կարգապահության ստուգման կենտրոնական հանձնաժողովը հետաքննություն է սկսել Սուն Չժաոսյուեի նկատմամբ: Այն ժամանակ նախնական քննությունը ցույց էր տվել, որ Սուն Չժաոսյուեն չարաշահել է իր ծառայողական լիազորությունները, ինչպես նաեւ պահանջել եւ ստացել է «խոշոր չափի կաշառք»: Նա հեռացվել է կուսակցությունից:
Նրա նկատմամբ դատն իրականացվել է հինգշաբթի` Լյաոնին նահանգում գտնվող Տելլին քաղաքում: Մեղադրական եզրակացության մեջ ասված է, որ Chalco-ի նախկին գլխավոր տնօրենը 2003-ից մինչեւ 2013 թվականը չարաշահել է իր ծառայողական դիրքը, ընդհանուր առմամբ 6 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ կաշառք եւ նվերներ ստանալով: Քննությունը նաեւ պարզել է, որ ընտանեկան անշարժ գույքը չի համապատասխանել եկամտի այն մակարդակին, որ ուներ Սուն Չժաոսյուեի ընտանիքը, միաժամանակ նա չի կարողացել բացատրել դրա ծագումը:




























