Վստահ եմ՝ ՀՅԴ-ն կշարունակի պաշտոնավարել, քանի որ մեր նախարարներն ապացուցել են՝ իրենք ակտիվ զբաղվում են իրենց գործով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով «Ազգային համաձայնության» կառավարությունում իրենց տեղն ունենալու հարցին:
«Ես ենթադրում եմ, որ երբ խոսում ենք ազգային կառավարության մասին, խոսքը հաջորդ խորհրդարանական ընտրություններից հետո ձեւավորվելիք կառավարության մասին է, որտեղ ամենայն հավանականությամբ, ուզում եմ հավատալ, որ չի լինի այնպիսի բացարձակ մեծամասնություն ունեցող որեւէ քաղաքական ուժ: Իսկապես կլինի ազգային համաձայնության կառավարություն, որտեղ բոլոր որոշումները կընդունվեն բանավեճերով, քննարկումներով»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է՝ ընդլայնվի ձեւավորվող կառավարությունում իրենց կազմը կամ փոխվեն նախարարները, ՀՅԴ-ական պատգամավորը պատասխանեց. «Մենք նման խնդիր այսօր չենք քննարկել, կլինի նոր վարչապետ, որը թերեւս իր առաջարկությունները կներկայացնի նախագահին, առնվազն նույն կազմով մեր նախարարները կշարունակեն պաշտոնավարել»:
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 8-ին հրաժարական է ներկայացրել:




























