Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունը տեւական ժամանակ է, ինչ նամակներ է հղել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, սակայն այդպես էլ պատասխաններ չի ստացել: Այս մասին հաղորդագրություեւն է տարածել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդմ Անահիտ Բախշյանը:
Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.
«Առաջին հայացքից սա անհավանական է. տրամաբանությունը հուշում է՝ օրենքի պահապանն առաջինը ինքը պետք է հարգի օրենքը:
Մասնավորապես՝ ս.թ. հունիսի 23-ին ՀՀ ոստիկանապետին եմ դիմել հետեւյալ հարցով. «Սույն թվականի հունիսի 19-ին hetq.am-ում տպագրվել է «Խարդախությամբ հափշտակել են շախմատիստուհու՝ հանրապետության նախագահի նվիրած համակարգիչը. գործը չի բացահայտվում» հոդվածը, որին, վստահ եմ, ծանոթ եք եւ ձեռնարկել եք որոշակի գործողություններ»: Խնդրել եմ տեղեկացնել, թե ինչ ընթացք է ստացել գործը, հույս կա՞, որ խարդախները կգտնվեն ու ՀՀ նախագահի նվիրած համակարգիչը կվերադարձնեն տիրոջը:
Ս.թ. օգոստոսի 12-ին մեկ այլ նամակով «Բարեւ Երեւանը» պահանջել է աշխատանքից ազատել Լյովա Երանոսյանին, ով Սարի Թաղում անկարգություններ հրահրողներից ու կազմակերպիչներից էր:
«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը սահմանում է.
Քաղաքացիների, իրավաբանական անձանց առաջարկությունները քննարկվում են մեկ ամսվա ընթացքում, բացառությամբ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող առաջարկությունների, որոնց մասին հայտնվում է հեղինակին:
Դիմումներին ու բողոքներին ընթացք են տալիս հարցն ըստ էության լուծելու համար պատասխանատու պետական մարմնում, տեղական ինքնակառավարման մարմնում, կազմակերպությունում` դրանք ստանալուց հետո մինչեւ մեկ ամսվա ընթացքում, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն եւ ստուգում չպահանջող դիմումներն ու բողոքները` 15 օրվանից ոչ ուշ:
Այն դեպքում, երբ դիմումին կամ բողոքին ընթացք տալու համար անհրաժեշտ է կատարել ստուգում, պահանջել լրացուցիչ նյութեր կամ ձեռնարկել այլ միջոցներ, դիմումին կամ բողոքին ընթացք տալու ժամկետները, բացառության կարգով, համապատասխան մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը կարող է երկարաձգել, բայց ոչ ավելի, քան 15 օրով` այդ մասին հայտնելով դիմում կամ բողոք տված անձին:
Քաղաքացիների եւ իրավաբանական անձանց առաջարկությունների, դիմումների եւ բողոքների ընթացքը համարվում է ավարտված, երբ ըստ էության ձեռնարկված միջոցառումների մասին պատասխանվել է քաղաքացուն եւ իրավաբանական անձին: Պատասխանը տրվում է գրավոր կամ հեղինակի համաձայնությամբ` բանավոր»:




























