Թուրքիայի կառավարությունը գերմանացի խորհրդարանականներին թույլ է տվել մուտք գործել «Ինջիրլիք» ավիաբազա, որտեղ տեղակայված են ՆԱՏՕ-ի ուժերը, այդ թվում՝ Բունդեսվերի զինծառայողները: Ինչպես հայտնում է dpa գործակալությունը, Բունդեսթագի պատգամավորները ավիաբազա կայցելեն 2016-ի հոկտեմբերին:

Անկարան նախկինում գերմանացի օրենսդիրներին արգելում էր այցելել ռազմական օբյեկտ: Դա պայմանավորված էր Բունդեսթագի ընդունած բանաձեւով, որով 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում հայերի նկատմամբ կատարված հանցագործությունները ցեղասպանություն էին ճանաչվել:

ՆԱՏՕ-ի եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի կոալիցիայի կողմից օգտագործվող Թուրքիայի ավիաբազայում են բազավորված գերմանական «Տորնադո» հետախուզական եւ օդում լիցքավորող օդանավերը, ինչպես նաեւ Բունդեսվերի մոտ 250 զինծառայողներ: