Ծաղկահովիտի համայնքապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի կողմից լիազորված անձ Լեւոն Մուրադյանը չի կասկածում Արայիկ Խանդոյանի հաղթանակի վրա:
«Կասկած չի հարուցում Արայիկ Խանդոյանի հաղթանակը՝ ելնելով համագյուղացիների տրամադրվածությունից: Փաստաբանի միջոցով ենք միայն կապ հաստատում, մի փոքր դժվար է առանց իր հետ անմիջական խոսելու կազմակերպել քարոզարշավը, բայց առանց քարոզարշավի էլ տրամադրություններն այնպիսին են, որ ակնհայտ է, որ Արայիկ Խանդոյանը կհաղթի»,- ասաց Լեւոն Մուրադյանը, որը Արայիկ Խանդոյանի համագյուղացին է:
Լիազորված անձը նշեց, որ նախընտրական քարոզարշավը, որ արդեն 10 օր է՝ սկսվել է, ընթանում է առանց խոչընդոտների, իրենք հանդիպումներ են ունենում համագյուղացիների հետ:
Ընտրություններում հաղթելու դեպքում օրենքը չի նախատեսում խափանման միջոցի փոփոխություն: Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանի խոսքով՝ օրենքով նախատեսված կարգով վարույթն իրականցնող մարմինը կարող է փոխել խափանման միջոցը, եթե համայնքը վստահության քվե տա: Հակառակ դեպքում 2-ամսյա ժամկետում նոր ընտրություններ պետք է անցկացվեն:
Նոր ընտրություններ պետք է անցկացվեն նաեւ այն դեպքում, եթե մեղադրական դատական ակտ կայացվի Արայիկ Խանդոյանի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 18-ին: Արայիկ Խանդոյանից բացի եւս երկու թեկնածու կա:





























