Անպատվաբեր  «դրամահավաք»  երեւույթը պետք է չնույնացնել երեխաների մշակութային-հոգեւոր  կրթությանը նպաստող  ներկայացումների, համերգների տոմսերի ձեռքբերման  համար հավաքվող  գումարների հետ: Այս մասին հաղորդագրությունը է տարածել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին առաջարկելով այդ մասին տեղեկացնել դպրոցների տնօրեններին: 

Անահիտ Բախշյանը տարածել է այս խնդրի վերաբերյալ Երեւանի ավագանու մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի  մշտական  հանձնաժողովի նախագահ Թամարա Պողոսյանին ուղղված իր նամակը:

«Երեւանի ավագանու մշակույթի, կրթության, եւ սոցիալական հարցերի  մշտական  հանձնաժողովի անդամներս  դիմում ենք մի հարցով, որը, համոզված ենք, Ձեզ նույնպես կմտահոգի:

Հանրակրթության նպատակն է երկրի համար  կրթել   համակողմանի զարգացած, մարդասեր քաղաքացիներ: Այս որակները  ստանալու համար  պետությունը  մշակել է ուսումնական պլաններ, որտեղ   կարեւորվում է մշակութային-հոգեւոր կրթությունը:

Նման կրթությունը կազմակերպվում է ոչ միայն դպրոցներում՝ դասերի ժամանակ, այլեւ թատրոններում, համերգասրահներում, ուր պետք է այցելեն մեր աշակերտներն իրենց ուսուցիչների հետ: Մշակութային օջախներ  այցելելու  համար անհրաժեշտ է  ունենալ տոմս, որն արժե գումար եւ պետք է գնի ծնողը: Սակայն քանի որ  դպրոցներում քաղաքապետն արգելել է դրամահավաքը՝ առանց բացատրելու, թե որ  տգեղ, անթույլատրելի գործողությունը այդ բառի տակ նկատի ունի, տնօրեններին հանձնարարել է  արգելել ցանկացած  տիպի դրամահավաք, վերջիններս էլ  արգելում են նաեւ աշակերտների համար բեմադրվող ներկայացումների  ու համերգների  տոմսերի ձեռքբերումը:

Երեւանի ավագանու  մշակույթի, կրթության, եւ սոցիալական հարցերի  մշտական  հանձնաժողովի անդամներս խիստ մտահոգ ենք  այս փաստով, որը, համոզված ենք, կիսում եք նաեւ Դուք,  եւ առաջարկում ենք միջնորդել, որպեսզի պարոն Մարգարյանը շրջաբերականով տեղեկացնի դպրոցների տնօրեններին՝  անպատվաբեր  «դրամահավաք»  երեւույթը չնույնացնել   մեր երեխաների մշակութային-հոգեւոր  կրթությանը նպաստող  ներկայացումների, համերգների տոմսերի ձեռքբերման  համար հավաքվող  գումարների հետ ու,  ընդհակառակը,   դպրոցներում խթանի այս գործընթացը»,- ասված է նամակում: