Հայաստանում երկար ժամանակ է՝ վարչապետների հրաժարականը որոշում է մեկ անձ՝ նախագահի աթոռը զբաղեցնող անձը, այնպես որ որոշումը վարչապետը չի կայացրել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում նշել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ այդ որոշումն անակնկալ չէր իր համար, թեեւ կարծում էր, որ դա տեղի կունենա սեպտեմբերի 21-ից հետո:
Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ ապրիլյան պատերազմը, «Սասնա ծռերի» գործողությունը, այդ գործողության քաղաքական պահանջներին հասարակության աջակցությունը, ակտիվ պայքարը բերեց նրան, որ բոլորի համար ակնհայտ դարձավ, որ այս ձեւով իշխանությունը չի կարող հասնել 2017-ի ընտրություններ:
«Սերժ Սարգսյանին պետք է հասարակության մոտ հույսեր առաջացնի, թե իբր տեսեք, ես էլ եմ դժգոհ, փոփոխություններ ենք անում: Պետք է մի ծխածածկույթ տարածեն, որ հասնեն մինչեւ 2017-ի գարուն, բայց իրականում սա ոչինչ չի փոխելու: Ինչպես Հովիկ Աբրահամյանի նշանակումը ոչինչ չփոխեց, նույնն էլ սա է լինելու»,-ասաց նա:
Նրա խոսքով, իհարկե, Կարեն Կարապետյանին Հովիկ Աբրահամյանի հետ չի կարելի համեմատել, որովհետեւ տարբեր հարթությունների անձինք են, բայց կարող ենք շատ հանգիստ համեմատել Տիգրան Սարգսյանի հետ՝ գրագիտությամբ, ինտելեկտուալ կերպարով, բայց ինչպես մեկը չի կարողացել օգուտ տալ, այնպես էլ այս մեկը չի կարողանալու:
«Կարող է փտած կոնֆետին գեղեցիկ փաթեթավորում տրվի, թղթի ճռճռանությունը մեծանա, բայց բովանդակության առումով ինչպես փտած, անարդյունավետ ու կոռումպացված կառավարման համակարգ եղել է, այնպես էլ մնալու է:Կարեն Կարապետյանը համակարգին օտար մարդ չէ, երկար տարիներ եղել է «Հայռուսգազարդի» տնօրենը, որը բազում թելերով կապված է այս իշխանությանը: Այնպես չէ, որ հրեշտակի թեւերով եկավ ու պիտի բան փոխի երկրում»,-ասաց նա:
Արմեն Մարտիրոսյանը Կարեն Կարապետյանի հնարավոր նշանակման մեջ վտանգ է տեսնում. «Ռուսաստանն ուզում է ստեղծել մի իրավիճակ, երբ այստեղ իր վերահսկողությունն ուժեղացնի, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններում փորձի նույնպիսի խորհրդարան ձեւավորի, ինչպիսին այսօր է»:




























