Իշխանություններն ուզում են նոր դեմքերով գնալ առաջիկա խորհրդարանական ընտրություններին: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հրաժարականին:
«Պարզ է, որ ինչ-որ իրավիճակ է փոխվել եւ Հովիկ Աբրահամյանի որոշումը կապված է դրա հետ, այսինքն նոր ծրագրեր, նոր մարդիկ: Իշխանությունները պատրաստվում են 2017թ. ընտրություններին եւ նախօրոք ուզում են ձեւավորել ապագա իշխանությունների կերպարը, բնույթը եւ հետո արդեն ընտրություններին աշխատել իրականացնել այդ ծրագիրը»,- ասաց Մանվել Սարգսյանը:
Ըստ քաղաքագետի՝ առհասարակ, վարչապետի պաշտոնից հեռանալն էական նշանակություն ունի, քանի որ նոր Սահմանադրությամբ Հանրապետության կենտրոնական դեմքը հենց նա է դառնում:
«Սա նշանակում է՝ իշխանություններն ուզում են նոր դեմքերով գնալ ընտրությունների: Հովիկ Աբրահամյանը հեռացել է եւ տեղ է ազատվել, եւ եթե Կարեն Կարապետյանն է նշանակվելու, ուրեմն Աբրահամյանը հեռանում է, որ տեղ ազատի հենց նրա համար»,- ասաց Մանվել Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Կառավարության սեպտեմբերի 8-ի նիստի ավարտին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել:





























