ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ հատուկ այցով Երեւանում է գտնվում Եվրոպայի խորհրդի Հավասարության բաժնի խորհրդականը: Այցը կազմակերպվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի եւ Եվրոպայի խորհրդի միջեւ համագործակցության շրջանակներում:

Այցի նպատակն է մշակել եւ իրականացնել Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելման համապարփակ ծրագիր՝ բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ:

Այսօր հանդիպումներ են տեղի ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաեւ աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի եւ Եվրոպայի խորհրդի հետագա համագործակցության ուղղությունները: Այցի շրջանակներում նախատեսված են նաեւ հանդիպումներ ՀՀ ոստիկանության, ՀՀ արդարադատության, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ կանանց եւ տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովման խորհրդի, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացում կքննարկվեն մի շարք հիմնախնդիրներ՝ Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ:

Եվրոպայի խորհրդի հետ ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի Ստամբուլի կոնվենցիայի դրույթների եւ ՀՀ օրենսդրության համապատասխանության ուսումնասիրություն, ինչպես նաեւ նպաստել ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի ընդունմանը: Ապագա ծրագրի շրջանակներում նախատեսվում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների բարձրացմանն ուղղված միջոցառումներ: Հատուկ միջոցառումներ են նախատեսվում նաեւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ զանգվածային լրատվամիջոցների ակտիվ մասնակցությամբ: