Սեպտեմբերի 8-ի առավոտյան Արցախում Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն  Հայոց Կաթողիկոսը, ուղեկցությամբ ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ գեներալ-մայոր Վարդան Բալայանի, այցելեց մարտական դիրքեր՝ հայրապետական իր օրհնությունը բերելով առաջնագծում իրենց ծառայությունն իրականացնող ՊԲ հրամանատարներին եւ զինվորներին։  Նորին Սրբությանն ուղեկցում էին նաեւ Գերագույն հոգեւոր խորհրդի անդամները։

«Մեր օրհնությունը, գնահատանքն ու շնորհակալությունը ձեզ՝ նվիրյալ ձեր ծառայության համար, որ իրականացնում եք՝ անվտանգ պահելով մեր սահմանները եւ պահպանելով անդորրը Արցախի, նաեւ Հայաստանի մեր ժողովրդի», - իր խոսքում նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Ապահով ծառայություն ցանկանալով զինվորներին՝ Վեհափառ Հայրապետը մաղթեց երիտասարդներին հաղթական վերադարձ իրենց օջախները։

Նորին Սրբությունը նաեւ շրջեց դիրքերում, ծանոթացավ պայմաններին։ Նա զինվորներին խաչեր նվիրեց, ինչպես նաեւ սրբապատկերով խաչ՝ զինվորների ուժերով կառուցված մատուռի համար։