Վրաստանը երբեք Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ չի դառնա, որովհետեւ ՆԱՏՕ-ն Վրաստանի խնդիրներով զբաղվելու ցանկություն չունի:  Այդ մասին   NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ռուսաստանցի քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը:  

Անդրադառնալով այն հարցին, թե որքանով իրական է Վրաստանի անդամակցումը ՆԱՏՕ-ին մոտակա հեռանկարում, հաշվի առնելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի վերջին հայտարարությունը, Միխայիլ Ալեքսանդրովը նշել է.  «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ոչ մի նոր բան չի ասել, որովհետեւ նրանք բազմիցս հայտնել են, որ Վրաստանը կարող է ՆԱՏՕ-ի անդամ լինել, բայց դա պայմանավորել են մի շարք բարեփոխումների իրականացմամբ, Վրաստանի վերափոխումներով, որոնք նրան կհասցնեն ՆԱՏՕ-ի ստանդարտների մակարդակին: Այնպես որ, դա Վրաստանի համար խայծ է, որը նրան թույլ է տալիս անսահմանորեն երկար հուսալ, թե ՆԱՏՕ-ի անդամ  է դառնալու»: Բայց իրականում, ընդգծել է ռուսաստանցի քաղաքագետը, Վրաստանը երբեք Դաշինքի անդամ չի դառնա, որովհետեւ ՆԱՏՕ-ն Վրաստանի խնդիրներով զբաղվելու ցանկություն չունի:  «Իսկ Վրաստանը, ՆԱՏՕ-ի անդամ դառնալով, անմիջապես կսկսի պահանջել, որ վերականգնեն իր տարածքային ամբողջականությունը: Իսկ ՆԱՏՕ-ն այլ պետություններին, հատկապես` Արեւելյան Եվրոպայի, նրա համար չի ընդունում, որպեսզի նրանց խնդիրները լուծի. նրանք այդ պետություններին ընդունում են, որպեսզի այդ պետությունների օգնությամբ իրենց խնդիրները լուծեն: Այդ պատճառով ամենայն հավանականությամբ ոչ մեկը Վրաստանին ՆԱՏՕ չի ընդունի», - հավելել է Ալեքսանդրովը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի եւ Իրանի արձագանքին տարածաշրջանում ՆԱՏՕ-ի նոր անդամի հայտնվելուն, քաղաքագետն ընդգծել է. «Անկասկած կլինի Ռուսաստանի եւ Իրանի բացասական արձագանքը: Նրանք բազմիցս հայտնել են, որ ՆԱՏՕ-ի առաջխաղացումը դեպի արեւելք վտանգավոր միլիտարիստական գիծ է, որը խարխլում է  Եվրասիայում անվտանգությունը: Ռուսաստանը եւ Իրանը դեմ են հանդես գալիս դեպի արեւելք ՆԱՏՕ-ի առաջխաղացմանը:  Բնականաբար, նրանց արձագանքը բացասական կլինի»:

Հիշեցնենք, որ Թբիլիսի այցի ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Վրաստանի իշխանություններին  հույս է տվել, բայց հրաժարվել է նշել երկրի` ՆԱՏՕ-ին անդամակցման ժամկետը:  «Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ կդառնա, բայց դրա համար Վրաստանը պետք է հասնի անդամության անհրաժեշտ ստանդարտներին: Դա այն է, ինչի վրա մենք այժմ աշխատում ենք Վրաստանի հետ միասին. բարեփոխումներ ենք անցկացնում, որոնք Վրաստանին օգնում են մոտենալ ՆԱՏՕ-ին:  Ես կոնկրետ ժամկետներ չեմ նշի, որովհետեւ դրանք կախված են Վրաստանում իրականացվող բարեփոխումների արդյունքներից», — ասել է Սթոլթենբերգը: