Հայաստանում ստեղծված քաղաքական եւ սոցիալ-տնտեսական իրավիճակը կարող է փոխել միայն այն սերունդը, որը պատրաստ է զոհաբերել իրեն` հանուն ապագա սերունդների: Հակառակ դեպքում մենք ստիպված կլլինենք շարունակել մեր գոյատեւումը: Այս մասին հոկտեմբերի  14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսական Արա Նռանյանը:

Նրա խոսքով, բոլոր զարգացած երկրներում, ժամանակի ընթացքում հայտնվել է սերունդ, որը հստակ գիտակցել է, որ բոլորն էլ մահկանացու են եւ չի գնացել ինքնահարստացման ճանապարհով, այլ նախընտրել է երկիրը կառուցելու ուղին:

Նռանյանը բերել է Գերմանիայում Բիսմարկի օրինակը, ով ստեղծեց ուժեղ պետություն, միացնելով փոքր գերմանական միավորումները, Իտալիայում` Գարիբալդիի օրինակը, Անգլիայում` Կրոմվելի օրինակը:

Նռանյանի կարծիքով, չկա օրինաչափություն, թե երբ կհայտնվի այդ սերունդը, բայց ազգային պետությունը ստեղծվում է բացառապես այն ժամանակ, երբ այդ սերունդն ասպարեզ է գալիս:

«Մենք ունեցել ենք այդպիսի սերունդ 1918-20 թվականներին: Ցավոք, արտաքին գործոնները թույլ չտվեցին Առաջին հանրապետությանը գոյատեւել, բայց ես դա ոչ մի կերպ չեմ կապում իմ կուսակցական պատկանելիության հետ:

Այդ սերունդը ազգային-ազատագրական պայքար էր մղում, գիտեր ազատության արժեքը, գիտակցում էր ազգային պետության կարեւորությունը: 1988-ին պայքարի ելած սերունդը կարող էր ստեղծել ազգային պետություն, սակայն անկախությունից հետո մեզանում չկար նման գաղափարախոսությամբ  իշխող քաղաքական ուժ: Մենք բաց թողեցինք այդ ժամանակահատվածը եւ սկսեցինք պետություն կառուցել այլ արժեքային համակարգով: Ցավոք, մենք հիմա ունենք նյութապաշտների սերունդ, որը հատկապես վառ է արտահայտված իշխող քաղաքական էլիտայում»,- ասել է Նռանյանը, հավելելով, որ հասարակությունը միշտ էլ պատրաստ է փոփոխությունների, սակայն նրան պակասում է այդ սերունդը:

Միաժամանակ, ըստ Նռանյանի, ելնելով համաշխարհային փորձից, երկրի ճիշտ զարգացման համար բավարար է 15-20 տարին, եթե անգամ այդ երկրում օլիգարխներ են ապրում: