Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու առաջադրված՝ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյանի հանդիպումը խորհրդարանական խմբակցությունների հետ։ Այս պահին Արթուր Դավթյանը հանդիպում է իշխող ՀՀԿ խմբակցության հետ:

Օրենսդրության համաձայն, ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուն պետք է հանդիպի բոլոր խմբակցությունների հետ, այնուհետեւ խորհրդարանը կքննարկի գլխավոր դատախազի թեկնածությունը եւ փակ գաղտնի քվեարկությամբ որոշում կկայացնի այդ կապակցությամբ:

Գլխավոր դատախազը ընտրվում է վեց տարի ժամկետով՝ նախագահի ներկայացմամբ եւ խորհրդարանի կողմից:

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը Կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով դիմել է ՀՀ նախագահին՝ խնդրելով ընդունել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ իր դիմումը: Գեւորգ Կոստանյանը նաեւ տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի կողմից դիմումն ընդունվել է, եւ ինքը օգոստոսի 4-ից վայր է դնում ՀՀ գլխավոր դատախազի իր լիազորությունները: