Աշխարհում ընդունված է, որ հրաժարական տվողը պետք է հիմնավորապես ներկայացնի իր հրաժարականի պատճառները. հատկապես եթե նա կուսակցություն է ներկայացնում, այդ կուսակցության պատասխանատուները պետք է խոսեն, թե ինչու՝ ունենալով խորհրդարանում մեծամասնություն, որոշեցին փոխել իրենց վարչապետին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:
Նրա խոսքով, մենք վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարչապետության ընթացքում ոչ մի քննադատական խոսք չենք լսել, ասում էին ամեն ինչ լավ է, բոլոր նախընտրական խոստումները կատարում ենք, ու հանկարծ հրաժարական. «Հիմա խոսում են, թե տնտեսական անկում է նկատվել, բայց ձեր պապան՝ Պուտինը, հայտարարեց, որ Հայաստանը 10 տոկոս առաջընթաց է գրանցել: Այսինքն արդեն այդքան քաջություն ունեք, որ հակադրվում եք ձեր հայրիկի՞ն»:
Հայրիկյանը հիշեցրեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը 1998-ին հրաժարական տալիս մի փոքր ակնարկեց, որ ինչ-որ ուժեր իր վրա ճնշում են գործադրում ու ինքը վախենալով փախչում է, իսկ Հովիկ Աբրահամյանի մոտ նման բան չկա:
«Այսօր վարչապետ նշանակվող մարդու մեկ ամսվա աշխատավարձը 5 անգամ ավելի է, քան վարչապետի պաշտոնում 5 տարում ստանալիք աշխատավարձը: Այսինքն նա աշխատավարձի համար չի եկել: Ես Կարեն Կարապետյանի հետ մեկ անգամ եմ առանչություն ունեցել, եւ անկեղծ ասած, հիացած էի նրա գիտական մոտեցմամբ: Այսինքն խոսքը անձին չի վերաբերում: Եթե ազգային համաձայնության կառավարության ձգտումը կար, քաղաքական ուժերը պետք է քննարկում անցկացնեին, բայց այսօր չեկիստական ձեւով ներկայացնում են թեկնածուին ու միաձայն քվեարկում»,-ասաց Հայրիկյանը՝ հավելելով, որ 2013-ի սեպտեմբերի 3-ից հետո ինքը Սերժ Սարգսյանից ոչ մի դրական բան չի սպասում:
Անդրադառնալով վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանին՝ ԱԻՄ առաջնորդը նշեց. «Քաղաքապետի պաշտոնից փախած մարդուն հիմա էլ վարչապետի պաշտո՞ն ես տալիս: Եթե չի փախել, Կարեն Կարապետյանը պետք է հիմնավորի, թե ինչու համաձայնեց դառնալ քաղաքապետ, հետո հեռանալ: Սա անպատասխանատվություն ու անլրջություն է Սերժ Սարգսյանի կողմից: Նաեւ նրանց կողմից, որոնք համաձայնություն են տալիս այդ նշանակմանը»:





























