Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ուսումնասիրել է 2007 թ. մինչեւ 2015 թ. դեկտեմբերի 31-ը Հայաստանում ՄԻԵԴ վճիռների կատարման ընթացքը եւ աձանագրված խախտումները։
Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից տեղեկացնում են, որ ներկայացվող զեկույցի ուսումնասիրության նպատակն է եղել ամփոփ տեղեկատվություն տրամադրել Հայաստանում ՄԻԵԴ վճիռների կատարման մեխանիզմների, 2007 թ. մինչեւ 2015 թ. դեկտեմբերի 31-ը ՀՀ վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վիճակի վերաբերյալ՝ բացահայտելով եւ վճիռների կատարման մեխանիզմների, եւ առանձին վճիռների կատարման նպատակով համակարգային լուծում եւ ընդհանուր բնույթի միջոցառումներ պահանջող խնդիրը եւ ներկայացնել դրանց լուծման ուղղությամբ առաջարկություններ: Ուսումնասիրության առարկա է դարձել ՀՀ վերաբերյալ Եվրոպական դատարանի թվով 55 վճիռ, որոնցից մեկը ուսումնասիրության ժամանակահատվածում դեռեւս ուժի մեջ չէր մտել: Նշված վճիռներով արձանագրված խախտումները եւ վճիռների կատարման ընթացքը ամփոփված է «Ամփոփ տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության դեմ կայացված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների եւ դրանց կատարման վերաբերյալ» տեղեկանքում:
Զեկույցում մանրամասն անդրադարձ չի կատարվել առանձին գործերով անհատական բնույթի միջոցառումների եւ արդարացի փոխհատուցման վճարման վիճակին, այլ ուսումնասիրվել է դրանց համակարգային պատկերը:
Զեկույցի պատրաստման ընթացքում օգտագործվել են պաշտոնական աղբյուրներում տեղադրված տեղեկատվությունը, քաղաքացիական հասարակության կողմից կատարված եւ այլ ուսումնասիրություններ:



























