Սեպտեմբերի 8-ին ՀՀ Հանրային խորհրդում տեղի է ունեցել փոքր խորհրդի նիստ, որը ղեկավարել է խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Նիստի օրակարգում ընդգրկված են եղել մի շարք հարցեր:

ՀԽ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Խորհուրդն անդրադարձել է նույն օրը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի հայտարարությանը: Խորհրդի անդամներն ընդգծել են, որ վերջինիս պաշտոնավարման ժամանակահատվածում Հանրային խորհուրդն արդյունավետ համագործակցել է ՀՀ կառավարության հետ: Միաժամանակ, ներկաները համակարծիք են եղել Հովիկ Աբրահամյանի այն մտքին, որ առկա տնտեսական եւ սոցիալական իրավիճակի բարելավման համար մեզ անհրաժեշտ են հասարակության եւ կառավարության միասնական ջանքեր, իսկ դրա համար` նոր մոտեցումներ: Հանրային խորհուրդը հույս է հայտնել, որ ձեւավորվող կառավարության ծրագրային դրույթները կբխեն այդ առաջնահերթությունից, իսկ Հանրային խորհրդի եւ ՀՀ կառավարության համագործակցությունը կշարունակվի առավել արդյունավետ:

Քննարկվել են նաեւ երկրի մի շարք ոլորտներում առկա խնդիրները` տնտեսություն, ռազմարդյունաբերություն, առողջապահություն, կրթություն, մշակույթ եւ այլն: Այս համատեքստում մասնավորապես քննարկվել է Հանրային խորհրդում տարբեր գերատեսչությունների ղեկավարների հետ արդեն ավանդույթ դարձած աշխատանքային հանդիպումների հետագա ընթացքը եւ որպես առաջիկա հանդիպման անհրաժեշտություն` առաջարկվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հետ հանդիպելու հարցը:

ՀԽ փոքր խորհրդի նիստին քննարկվել է Անկախության 25-ամյակին ընդառաջ համաներում հայտարարելու հարցը, որը կտարածվի նաեւ հուլիսյան դեպքերի հետեւանքով անազատության մեջ հայտնված անձանց որոշակի խմբի վրա: Հնչել են տարբեր կարծիքներ ու տեսակետներ, որոշվել է հարցն աշխատանքային կարգով լրացուցիչ քննարկել եւ կրկին ներկայացնել հաջորդ շաբաթվա մեջ կայանալիք ՀԽ փոքր խորհրդի նիստին:

Անկախության 25-ամյակի հետ կապված առաջարկ է հնչել նաեւ կոչով դիմել ՀՀ 3 նախագահներին այդ օրը միասին հանդես գալու` ի նշան ազգային համերաշխության եւ միասնության:

Օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է մշակույթի ոլորտին: Քննարկման թեմա են դարձել ամերիկյան ընկերությանը խոշոր գումարի դիմաց պատվիրված եւ հասարակության լայն շրջանակների կողմից հավանության չարժանացած Հայաստանի ազգային բրենդն ու կարգախոսը: Որոշվել է հարցի վերաբերյալ ՀԽ մշակույթի ենթահանձնաժողում կազմակերպել համակողմանի քննարկում եւ ներկայացնել դիրքորոշում:

Քննարկվել է նաեւ Անկախության 25-ամյակի տոնական միջոցառումենրի շրջանակներում «Անկախության սերունդ» խորագրով համերգային ծրագրի համար պետական բյուջեից հսկայական գումար հատկացնելու հարցը, որը նույնպես դժգոհության ալիք է բարձրացրել հանրության որոշակի շրջանակներում: Այս հարցը նույնպես կքննարկվի ՀԽ մշակույթի ենթահանձնաժողովում:

ՀԽ փոքր խորհրդի նիստի օրակարգում ներառվել են նաեւ ճանապարհային ոստիկանության համակարգում առկա խնդիրները: Որոշվել է հարցին առավել հանգամանորեն անդրադառնալ մոտ ապագայում ` կազմակերպելով լայն քննարկում ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: