Հրազդանում ծնողների աչքի առջեւ 7-ամյա տղային մահացու վրաերթի ենթարկած վարորդին դանակահարած՝ երեխայի հորն առաջադրված մեղադրանքը փոխվել է: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Ըստ ՔԿ տարածած հաղորդագրության՝ երեխայի հորը՝ Գ.Խանփերյանին, մեղադրանք Է առաջադրվել՝ իր երեխային վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող Վանիկ Սարգսյանին դանակահարելու համար: Նրա նկատմամբ  որպես խափանման միջոց է ընտրվել գրավը:

Նշենք, որ մինչ այդ Խանփերյանը կասկածվում էր վարորդի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ  2016 թ. սեպտեմբերի 5-ին Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում գտնվող էլեկտրաէներգիայի բախշիչ ենթակայանի մոտ, Գ.Խանփերյանը վիճաբանել է Վանիկ Սարգսյանի հետ` վերջինիս կողմից իր որդուն վրաերթի ենթարկելու հետեւանքով անզգուշությամբ մահ պատճառելու հարցի շուրջ։ Վիճաբանության ընթացքում դանակով հարվածներ է հասցվել Վանիկ Սարգսյանին` պատճառելով ձախ այտի եւ պարանոցի ձախ կեսի կտրած-ծակած երկու վերք, կրծքավանդակի աջ եւ ձախ կեսի կտրած-ծակած, թափանցող 2 վերք, որի հետեւանքով Վ. Սարգսյանը տեղափողվել է «Հրազդանի ԲԿ» ՓԲԸ եւ ենթարկվել վիրահատության:

Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ եւ  ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Գ.Խանփերյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։